«Armenia Marriott»-ում ստուգում կանցկացնեն Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության 10 հյուրերի թունավորումից հետո

«Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»  և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»  է դիմել 10 քաղաքացի՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ


ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգում կանցկացնի Երևանի «Armenia Marriott» հյուրանոցում՝ Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության հյուրերի զանգվածային թունավորումից հետո։


Ինչպես հայտնել են գերատեսչությունից, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ս/թ հուլիսի 17-ի երեկոյան «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» հիվանդանոցներ են դիմել 10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր բուժառուները հուլիսի 14-ին մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա, առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում օգտվել են բակում մատուցված հյուրասիրությունից (ֆուրշետ), մասնավորապես՝ «Շաուրմա», «Պեպերոնի» տեսակի պիցցա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով՝ սաղմոն տեսակի ձկով, բրուսկետա սննդատեսակներից։


Ֆրանսիայի դեսպանատունն իր սոցիալական ցանցերում հաստատել է այս փաստը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել է գործողություններ՝ պարզելու համար, թե որտեղից է ձեռք բերվել հյուրասիրության համար նախատեսված սնունդը:

Հուլիսի 23-ի երեկոյան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանից ստացվել է նամակ, ըստ որի հյուրասիրությունը կազմակերպվել է Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից:

Նկատի ունենալով, որ դեպքի արձանագրումից հետո Տեսչական մարմնին տեղեկատվությունը փոխանցվել է գրեթ 10 օր հետո, ակնհայտ է, որ սննդի տվյալ խմբաքանակներն արդեն սպառված են:

«Այնուամենայնիվ, կանխելու համար հետագայում նման խնդիրների առաջացումը, առաջնորդվելով հանրային առողջության պահպանման հրամայականով, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կիրականացվի տեսչական վերահսկողություն, արդյունքները կհրապարակվեն»,-հայտնել են ՍԱՏՄ-ից։


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը մեկնաբանության համար դիմել է «Armenia Marriott»-ին։

Leave a comment