Այսօր Գագիկ Ծառուկյանի հանդեպ անարդար որոշում են կայացնում, ու զարմանում եմ, թե մեր հանճարեղ մարզիկները ինչու են լռում։ Այս մասին Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը։
«Ինձ համար զարմանալին այն է, թե ինչպես են մեր աշխարհի ու օլիմպիական չեմպիոն տղերքն այսօր լուռ ու մունջ նստած, տեղներից չեն շարժվում անարդարության դեմ։ Մարզիկը, մտնելով պայքարի մեջ, միշտ արդարություն է պահանջում իր հանդեպ։ Այսօր ՀԱՕԿ նախագահի հանդեպ անարդար որոշում են կայացնում, ու զարմանում եմ, որ մեր հանճարեղ մարզիկները, որոնք հնարավորություն ունեն տեսնելու իշխանություններին, չեն մոտենում ու ասում․ «Էդ մարդը մենակ մեզ համար չի արել, հայ ազգի համար է արել»»,- նշել է նա։
Իսրայել Հակոբկոխյանի համոզմամբ՝ մեր մարզաշխարհի ներկայացուցիչների 99․9 տոկոսը Գագիկ Ծառուկյանի աջակցության շնորհիվ է հասել մեդալների։
«Ուրանալը լավ բան չէ։ Մեր այսօրվա մարզաշխարհի ներկայացուցիչների 99․9 տոկոսը Գագիկ Ծառուկյանի հոգատարության շնորհիվ է հասել այդ մեդալներին։ Ում պետք է եղել, ուղարկել է աշխարհի լավագույն բժիշկների մոտ, վնասվածքներն են բուժել, սննդի կամ մարզումների հարցում ինչ պակասել է՝ անմիջապես կազմակերպել է, որ լիարժեք պատրաստվեն։ Ուղղակի զարմանում եմ՝ ո՞նց են մեր մարզաշխարհի ներկայացուցիչները լռում, ձայն չեն հանում, չեն հավաքվում ու իրենց բողոքն արտահայտում»,- ընդգծել է նա։
Alpha News