Կառավարության բազմիմաստ որոշման պերճանքն ու թշվառությունը

Կառավարությունը երեկ ընդունել է մի նոր կարգավորում, որով Հայաստանում նոր կառուցվող շենքերում բնակարան կարող է գնել անձը, որը չի գտնվում Հայաստանում։

Գործող կարգավորմամբ անձը պետք է կամ գտնվի ՀՀ-ում ու ֆիզիկապես այցելի նոտարին, կամ պետք է լիազորագիր տրամադրի որեւէ քաղաքացու, որը պետք է այցելի նոտարին՝ գործարքը կատարելու համար։ Իսկ հիմա, ըստ կառավարության «նորամուծության», անձը չունի Հայաստանում գտնվելու կարիք, նաեւ որեւէ այլ անձի լիազորելու կարիք, նոտարով հաստատելու կարիք։ Հեռավար կարող է ձեռք բերել բնակարան։

Հետաքրքիր է, թե ի՞նչ պատկեր կստացվի այդ ամենից հետո, երբ օրինակ՝ երկու-երեք տարի անց փորձ արվի ստուգել, թե Հայաստանի նորակառույցներում ովքեր են բնակարանի սեփականատեր դարձել, այսպես ասած, հեռավար կարգով, չգտնվելով Հայաստանում։ Ի՞նչ երկրներից են այդ մարդիկ, ի՞նչ էթնիկ ծագում ունեն, կամ՝ կարո՞ղ են ունենալով մի երկրի եւ էթնիկ մի պատկանելություն, իրականում լինել, այսպես ասած, դրածո գնորդ բոլորովին այլ երկրից եւ այլ էթնիկ պատկանելությամբ մարդկանց համար։

Այս հարցը համենայնդեպս բավականին արդիական է այն օրակարգի ֆոնին, որ այսպես կոչված՝ «ադրբեջանցիների վերադարձի» թեմայով փորձում է առաջ մղել պաշտոնական Բաքուն, ընդ որում՝ դա դիտարկելով խաղաղության ամբողջացման պայման։

Ըստ այդմ, երբ համադրում են կառավարության այսօրվա կարգավորումը այն գործընթացներին, որ ծավալվում են, այսպես ասած, հայ-ադրբեջանական տիրույթում, առաջանում են բավականին լեգիտիմ մտահոգություն պարունակող հարցեր, թե ո՞ւմ համար է դյուրացվում Հայաստան չայցելելով՝ Հայաստանում բնակարան գնելու հնարավորությունը։

Իսկ շատերը հաճախ հարցնում են, այսպես ասած՝ «ֆոլկլորային տարակուսանքով», թե ո՞ւմ համար են Հայաստանում կառուցվում այդքան նորակառույց շենքեր, եթե դրանցում բնակարանների գները պարզապես անհասանելի են Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության գրպանին։

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment