ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ երեկ ստորագրված միջուկային համաձայնագրի ուժի մեջ մտնելը կապել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հետ:
Սպիտակ տան ղեկավարը համապատասխան հայտարարություն է հրապարակել «Truth Social»-ում՝ նշելով, որ Ռիադը պետք է միանա Աբրահամյան համաձայնագրերին:
«ԱՄՆ Էներգետիկայի նախարարության և Սաուդյան Արաբիայի միջև քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագիրը (առանց հարստացման!), որը վերաբերում է միայն ոչ ռազմական նպատակներին, ինչպիսիք արդեն իսկ գոյություն ունեն Իրանի և ԱՄԷ-ի (և այլ երկրների) կողմից, կհաստատվի, բայց ամբողջությամբ կախված է Սաուդյան Արաբիայի կողմից բարձր հարգանք վայելող և հաջողակ Աբրահամյան համաձայնագրերին միանալուց», – գրել է Թրամփը:
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի և նրա սաուդյան գործընկեր արքայազն Աբդուլազիզ բին Սալմանի կողմից 30-ամյա շրջանակային համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց, որը թույլ է տալիս ամերիկյան ընկերություններին մասնակցել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական միջուկային ենթակառուցվածքների կառուցմանը:
Իսրայելը աջակցել է Թրամփի կոչին․ «ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ ռազմական գործողությունները Թեհրանում ցեղասպան ռեժիմի դեմ և Իսրայելի կողմից իրանական ահաբեկչության առանցքի պարտությունը հնարավորություն են ստեղծել ընդլայնելու խաղաղության շրջանակը»։
«Ինչպես նշել է նախագահ Թրամփը, Սաուդյան Արաբիայի միանալը Աբրահամի համաձայնագրերին պատմական առաջընթաց կլինի Մերձավոր Արևելքում խաղաղության համար։ Խաղաղություն ուժի միջոցով», – հայտարարել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։