FLYONE ARMENIA-ն CFM International-ի հետ ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր՝ LEAP-1A չորս շարժիչների ձեռքբերման վերաբերյալ
FlyOne Armenia-ն հայտարարում է, որ Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի (Farnborough International Airshow 2026) շրջանակներում ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր (MoU) աշխարհի առաջատար ավիաշարժիչ արտադրող CFM International ընկերության հետ՝ չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ։
Հուշագիրը ստորագրել են FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը և CFM International-ի ղեկավար կազմի ներկայացուցիչները։
Այս համաձայնագիրը հանդիսանում է FlyOne ArmeniaA-ի նավատորմի արդիականացման և երկարաժամկետ զարգացման ռազմավարության հերթական կարևոր քայլը։ LEAP-1A շարժիչները նախատեսված են Airbus A320neo ընտանիքի նոր սերնդի օդանավերի համար և համարվում են համաշխարհային ավիացիոն արդյունաբերության ամենաարդյունավետ և տեխնոլոգիապես առաջադեմ լուծումներից մեկը։
Շարժիչների կիրառումը թույլ կտա զգալիորեն նվազեցնել վառելիքի ծախսը, ածխաթթու գազի արտանետումները և աղմուկի մակարդակը՝ միաժամանակ բարձրացնելով օդանավերի շահագործման հուսալիությունն ու արդյունավետությունը։
Արամ Խաչատրյան, FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն
«Այս համաձայնագիրը պարզապես շարժիչների ձեռքբերման մասին չէ. այն մեր տեսլականի հերթական իրականացված քայլն է՝ կառուցելու ժամանակակից, արդյունավետ և կայուն հայկական ավիաընկերություն։
LEAP-1A շարժիչները միջազգային ավիացիայում համարվում են արդյունավետության, հուսալիության և բնապահպանական պատասխանատվության չափանիշ։ Մենք հպարտ ենք խորացնել համագործակցությունը CFM International-ի հետ և շարունակել ներդրումները մեր ապագա նավատորմի զարգացման ուղղությամբ։
Այս ներդրումը վկայում է FlyOne Armenia-ի երկարաժամկետ զարգացման, հայկական քաղաքացիական ավիացիայի ապագայի նկատմամբ մեր վստահության և մեր ուղևորներին առավել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ծառայություններ մատուցելու հանձնառության մասին»։
Ներդրում ապագայի ավիացիայում
LEAP-1A շարժիչները հնարավորություն են տալիս.
մինչև 20% նվազեցնել վառելիքի սպառումը՝ նախորդ սերնդի շարժիչների համեմատ,
էականորեն կրճատել CO₂ արտանետումները,
նվազեցնել աղմուկի մակարդակը,
ապահովել շահագործման բարձր հուսալիություն,
նվազեցնել սպասարկման և շահագործման ընդհանուր ծախսերը։
Այս տեխնոլոգիաների ներդրումը FlyOne Armenia-ին հնարավորություն կտա շարունակել ընդլայնել միջազգային երթուղային ցանցը, բարձրացնել մրցունակությունը և ներդնել ոլորտի լավագույն տեխնոլոգիական լուծումները։
Ռազմավարական գործընկերություն
Ստորագրված Փոխըմբռնման հուշագիրը հիմք է դնում FlyOne Armenia-ի և CFM International-ի միջև երկարաժամկետ համագործակցության համար և հանդիսանում է ավիաընկերության նավատորմի ընդլայնման ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը։
Հուշագրի ստորագրումը կայացել է CFM International-ի տաղավարում՝ Ֆարնբորոյի միջազգային ավիացուցահանդեսի շրջանակներում, որը համարվում է համաշխարհային ավիատիեզերական արդյունաբերության ամենահեղինակավոր միջոցառումներից մեկը։
Նոր սերնդի օդանավերի և շարժիչների ձեռքբերման միջոցով FlyOne Armenia-ն շարունակում է իր ռազմավարությունը՝ ստեղծելու տարածաշրջանի ամենաժամանակակից, արդյունավետ և կայուն ավիաընկերություններից մեկը՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի դիրքը միջազգային ավիացիոն քարտեզում։