Մերցը Փաշինյանի հետ քննարկել է Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

Քաղաքականություն

22.07.2026 | 18:50

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը. գրում է ՏԱՍՍ-ը։

Նա նշել է, որ երկու առաջնորդները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Ուկրաինայի հակամարտության և Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

«Գերմանիայի կանցլերը կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում և ընդգծել դրա կարևորությունը տարածաշրջանային կայունության համար», – ասել է Կոռնելիուսը։

«Այս առումով երկու կողմերն էլ նշել են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստանի կապերի ընդլայնման ներուժը», – հավելել է Գերմանիայի կառավարության խոսնակը։

 

Հ․Գ․

Նիկոլ Փաշինյան-Ֆրիդրիխ Մերց հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ կառավարությունը։

Նշվում է նաև, որ վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։

 

Leave a comment