Որքան էլ սիրում եմ Հայաստանը, Երևանի օդանավակայանում նման սկանդալները վնասում են երկրի հեղինակությանը. ՀՀ դատարանը մերժել է Ալեքսանդր Լապշինի հայցը

«Որքան էլ որ ես սիրում եմ Հայաստանը, Երևանի օդանավակայանում նման սկանդալները վնասում են երկրի հեղինակությանը: Ոչ ոք չի ցանկանում իր գումարը ներդնել կամ իր կյանքը նվիրել մի երկրի, որը պնդում է, թե հետապնդում է «եվրոպական զարգացման ուղի», բայց իրականում ձերբակալում է օտարերկրյա լրագրողների՝ պատժամիջոցների տակ գտնվող բռնապետ Լուկաշենկոյի հրահանգով: Այս ամոթալի կապը Բելառուսի նման հանցավոր ռեժիմների հետ պետք է վերացվի, այլ ոչ թե սպասարկվեն նրանց շահերը Հայաստանում», – ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Ավելի վաղ բլոգերը գրել էր. «Տարվա հիասթափություն, բայց միաժամանակ նաև օգտակար տեղեկություն նրանց համար, ովքեր իրենց համար նոր և անվտանգ տուն են գտել Հայաստանում։

ՀՀ վարչական դատարանը 2026 թ. փետրվարի 6-ի որոշմամբ մերժեց իմ հայցը, որով պահանջում էի դադարեցնել իմ նկատմամբ հետապնդումները Հայաստանում՝ լուկաշենկոյական Բելառուսի հարցումների հիման վրա։

Հիշեցնեմ, որ այսպես կոչված «իրավական տեռորի» նպատակով (այդպիսի տերմին գոյություն ունի) Բելառուսի իշխանություններն ԱՊՀ շրջանակում իմ նկատմամբ հետախուզում են հայտարարել՝ Բելառուսում մարդու իրավունքների խախտումները քննադատելու համար։ Այդ պատճառով էլ Հայաստան յուրաքանչյուր մուտքի և ելքի ժամանակ ինձ սկսել են ձերբակալել և ժամերով պահել ոստիկանության բաժանմունքում։

Այն հոդվածները, որոնցով բելառուսական իշխանություններն ինձ մեղադրում են, միանշանակ ամբողջությամբ կեղծ են, քաղաքականապես մոտիվացված և հակասում են միջազգային իրավունքին․ Բելառուսի նախագահին վիրավորանք (որին ես անվանում եմ բռնապետ), իշխանության փոփոխության կոչեր Բելառուսում (մինչդեռ ես կոչ եմ անում ժողովրդավարական ընտրությունների) և այլն։

Ավելին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 07.09.2022-ին Բելառուսին մեղավոր է ճանաչել 2016 թվականին Մինսկում իմ անօրինական ձերբակալման համար (Ադրբեջանի հարցմամբ՝ Ղարաբաղ այցելելու պատճառով), իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ստրասբուրգում Ադրբեջանի և Բելառուսի նկատմամբ որոշում է կայացրել՝ նրանց մեղավոր ճանաչելով անօրինական ձերբակալման, անօրինական արտահանձնման, խոշտանգումների և սպանության փորձի համար։

Հատկանշական է, որ այս բոլոր փաստերը դատավոր Լիլիթ Սադոյանը նույնիսկ թվարկել է դատարանի որոշման մեջ և նույնիսկ գրել է, որ ձերբակալման բելառուսական պահանջը հակասում է հայկական օրենսդրությանը և իրավական մի շարք նորմերի։

Դատավորը նաև նշել է, որ Բելառուսը Հայաստան է ուղարկել ինձ ձերբակալելու պահանջ, սակայն չի ուղարկել որևէ փաստաթուղթ, որը կվկայեր իմ մեղավորությունը։

Այնուամենայնիվ, դատավորը իր որոշմամբ մերժել է իմ հայցը, քանի որ, նրա կարծիքով, Հայաստանի Հանրապետության պարտավորությունները ԱՊՀ գործընկերների, և Քիշնևյան կոնվենցիայի շրջանակում, պարտադրում են ձերբակալել հետախուզման մեջ գտնվող անձանց, նույնիսկ եթե հայտնի է, որ նրանք անմեղ են, որ նրանց հետապնդում են քաղաքական գործունեության համար, և որ նրանց վերաբերյալ արդեն իսկ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի որոշումներ։

Եվ դա՝ նույնիսկ այն հանգամանքի պարագայում, որ ՀՀ ՆԳՆ-ն և Գլխավոր դատախազությունն իրենք են պաշտոնապես ճանաչել, որ որոշել են ինձ չձերբակալել (սահմանին յուրաքանչյուր մուտքի ժամանակ իրականացվող կալանավորումները հաշիվ չեն), քանի որ բելառուսական պահանջը սխալ էր ձևակերպված և կից որևէ փաստաթուղթ չկար՝ բացի Բելառուսի Քրեական օրենսգրքի հոդվածների համարներից։

Այդ դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենքներից, ինչպես նաև հենց Քիշնևյան կոնվենցիայից ելնելով, հետախուզումը պետք է դադարեցվի։

Քանի որ հստակ գրված է, որ եթե հետախուզումը հայտարարվել է՝

ա) կանոնների խախտմամբ (փաստաթղթեր չկան),

բ) ժամկետների խախտմամբ (պահանջող կողմին տրվում է 40 օր՝ մեղքը հիմնավորող փաստեր ներկայացնելու համար, մինչդեռ անցել է արդեն մեկ տարի),

գ) ակնհայտ է և ապացուցված է ՄԻԵԴ-ի և ՄԱԿ-ի որոշումներով, որ Բելառուսը մարդուն հետապնդում է քաղաքական շարժառիթներով։

Բայց ի՞նչ է գրել դատավոր Լիլիթ Սադոյանը որոշման մեջ։ Որ բոլոր պահանջները պետք է ուղղել Բելառուսին. թող իրենք հանեն հետախուզումը, և այդ դեպքում Հայաստանում այլևս չեն ձերբակալի։

Հրաշալի եզրահանգում, որին եկել է հարգարժան դատարանը Բելառուսի վերաբերյալ՝ մի դաժան բռնապետության, որտեղ 33 տարի իշխել է Լուկաշենկոն, որտեղ կան տասնյակ հազարավոր քաղբանտարկյալներ, և որը գտնվում է Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ։

Մշակութային շոկ ապրեցի ոչ միայն ես, այլև իմ փաստաբանները՝ Վահագն Գասպարյանը և Էդուարդ Աղաջանյանը։

Մի մտածեք, թե ես կամ իմ փաստաբանները միամիտ մարդիկ ենք և լրջորեն հավատում էինք, թե լուկաշենկոյական Բելառուսը չի փորձի միջամտել Հայաստանում ընթացող դատական գործընթացին։ Եվ եթե իմ փաստաբանները կոռեկտ մարդիկ են և իրենց կասկածները սովորաբար պահում են իրենց մեջ, ապա ես դեռ Երևանում Վարչական դատարան դիմելու օրը հրապարակային գրել էի Ֆեյսբուքում, որ, իմ կարծիքով, դատավոր Լիլիթ Սադոյանի վրա կարող է ճնշում գործադրվել Երևանում Բելառուսի դեսպանատան կողմից։ Պարտադիր չէ՝ ուղղակիորեն, հնարավոր է նաև երրորդ կողմի միջոցով, մանավանդ, որ Հայաստանում քիչ չեն ՌԴ-ի և Բելառուսի գործակալները, այդ թվում՝ իշխանական և ուժային կառույցներում։

Բայց, գիտեք, մենք բոլորս էլ ցանկանում էինք հավատալ լավագույնին և նույնիսկ հավատացինք։ Չէ՞ որ իրավիճակն այնքան ակնհայտ ու թափանցիկ էր, որ դատարանի որոշումը պարզապես չէր կարող լինել այլ բան, քան որոշում հետախուզումը դադարեցնելու մասին։

Որո՞նք են մեր հետագա քայլերը։ Մենք դիմում ենք Վարչական վերաքննիչ դատարան, իսկ եթե բելառուսական «Բատկայի» ձեռքերը հասնեն նաև այնտեղ, ապա բողոք կներկայացնենք Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Եվ հույս ունեմ, որ ոչ ոք չի կասկածում, որ այդպես էլ կլինի։ Առավել ևս, որ Ադրբեջանին ես արդեն ՄԻԵԴ եմ հասցրել 2021 թվականին, և դատարանը նրանց մեղավոր է ճանաչել անօրինական ձերբակալման, խոշտանգումների և սպանության փորձի համար։

Ի՞նչ է ինձ սպասում Հայաստան հաջորդ այցելության ժամանակ։ Սա լիովին ակնհայտ է, քանի որ դատավորը «կանաչ լույս» է տվել ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությանը՝ համարձակորեն գործելու Բելառուսի Հանրապետության շահերից ելնելով՝ իբր պարտավորությունների շրջանակում։

Սա նշանակում է, որ կրկին կձերբակալեն մուտքի ժամանակ, կրկին կոնֆլիկտ կլինի, կրկին՝ հրապարակումների ալիք ԶԼՄ-ներում։ Իսկ կարող են նաև տեղափոխել մեկուսարան, եթե հանկարծ հերթափոխի պետը այնքան էլ խելացի չլինի։ Իսկ մեկուսարանում կոնֆլիկտը կլինի արդեն երաշխավորված և անդառնալի․ հացադուլ՝ ձերբակալման առաջին իսկ րոպեից, բողոք, դիվանագետների ներգրավում և այլն։

Ադրբեջանի իշխանությունները չեն թողնի ստել՝ Լապշինը նրանց մեկ օր անգամ հանգիստ չտվեց Բաքվի բանտում, և դա ավարտվեց սպանության փորձով ու Ստրասբուրգի դատարանով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment