Ռուսական ուժերը Սումիում հարձակվել են բնակելի շենքի և առևտրի կենտրոնի վրա․ տուժածներ կան

Քաղաքականություն

21.07.2026 | 11:41

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հաղորդում է, որ Սումիում բնակելի շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարվածը հրդեհ է առաջացրել առաջին հարկում։ Վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ չորս երեխա, գրում է Current time-ը:

Փրկարարների տվյալներով՝ հարձակման է ենթարկվել նաև առևտրի կենտրոն, խոշոր հրդեհ է բռնկվել։

«Երբ փրկարարները սկսել են մարել հրդեհը, թշնամին կրկնել է հարվածները։ Հարձակումներից մեկի ժամանակ ոչնչացվել է ծառայողական մեքենա, Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության մի մեքենա էլ վնասվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Խարկովի Նեմիշլյանսկի շրջանում մասնավոր տուն է հրկիզվել։ Առավոտյան հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսական ուժերը գիշերը հարձակվել են 58 ԱԹՍ-ներով, որոնցից 46-ը խոցվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment