Գործողություններ կազմակերպե՛ք, ավազը բաց դրած է մայթերին, դա անընդունելի է․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 20-ի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում հետաքրքրվել է Եղվարդի խճուղում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքով։

Քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը զեկուցեց, որ նշված հատվածում միաժամանակ իրականացվում է երեք նախագիծ։ Նրա խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» իրականացնում է գազատարի նոր խողովակաշարի անցկացում, Երևանի քաղաքապետարանը՝ ոռոգման գծի կառուցում, իսկ մասնավոր կազմակերպությունը՝ կոյուղատար համակարգի անցկացում։

Ըստ Կարոյանի՝ երեք ծրագրերի շրջանակում իրականացվել են համապատասխան վարչարարություններ, և աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են՝ ճանապարհի ասֆալտբետոնե ծածկույթը նախնական տեսքին վերականգնելու նպատակով։

Անդրադառնալով հարցին՝ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ նման աշխատանքները պետք է իրականացվեն ոչ միայն սահմանված ժամկետներում, այլև Երևանի ավագանու կողմից սահմանված բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ։

Քաղաքապետը նաև արձանագրել է խախտում Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։

«Էլի բաց ավազը դրված ա մայթերի կողքը, և դա անընդունելի է, պարո՛ն Մխիթարյան։ Հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել»,- հանձնարարեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment