Պորտուգալիայի նախագահական ընտրություններում հաղթել է սոցիալիստ թեկնածուն

Քաղաքականություն

09.02.2026 | 14:52

Սոցիալիստ թեկնածու Անտոնիո Ժոզե Սեգուրոն հաղթել է Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, հաղորդում է Reuters-ը։ Ձայների 95%-ի հաշվարկից հետո հաղթողը ստացել է 66% քվե, մինչդեռ նրա մրցակիցը՝ աջակողմյան քաղաքական գործիչ Անդրե Վենտուրան, 34% ձայն է ստացել, գրում է The Insider-ը։

«Ես հուզված եմ պորտուգալացի ժողովրդի արձագանքից, ազատությանը, ժողովրդավարությանը և մեր երկրի ապագային նրանց նվիրվածությունից. դա մեզ հպարտություն է բերում»,- ասել է 63-ամյա Սեգուրոն։

Նա  կլինի Պորտուգալիայի առաջին սոցիալիստ նախագահը 20 տարվա ընթացքում: Շատ պահպանողական քաղաքական գործիչներ առաջին փուլից հետո աջակցել են նրա թեկնածությունը՝ մտավախություն ունենալով, որ իշխանության կգա աջակողմյան պոպուլիստ թեկնածուն, նշում է Reuters-ը: Սեգուրոն իրեն բնութագրել է որպես «ժամանակակից և չափավոր» ձախ թևի թեկնածու։

Երկրորդ փուլի քվեարկությունը բարդացել է վատ եղանակի պատճառով։ Մի քանի փոքր համայնքներ ստիպված են եղել մեկ շաբաթով հետաձգել քվեարկությունը՝ փոթորիկների և դրանց հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով: Այնուամենայնիվ, մասնակցությունը մնացել է մոտավորապես նույնը, ինչ հունվարի 18-ի առաջին փուլի ժամանակ։

Անցյալ տարի Վենտուրայի «Chega» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ առաջ անցնելով սոցիալիստներից և զիջելով միայն կենտրոնամետ աջակողմյան իշխող դաշինքին, որը ստացել էր ձայների 31,2%-ը։

Պորտուգալիայում նախագահը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ, բայց ունի նաև մի շարք կարևոր լիազորություններ, ինչպիսին են որոշակի հանգամանքներում խորհրդարանը լուծարելու և օրենքներն արգելափակելու իրավասությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment