«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն

19.07.2026 | 13:39

Factor TV-ի հետ զրույցում ձկնաբույծ Հրաչյա Գևորգյանն ասում է, որ եվրոպական շուկան այս պահին չի կարող փոխարինել ռուսականին։ Նրա խոսքով՝ Եվրոպայի ուղղությամբ արտահանման համար անհրաժեշտ է երկար գրանցման գործընթաց, արտադրության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, ներդրումներ, ինչպես նաև գործընկերների և լոգիստիկայի հարցերի լուծում։

«Այս պահին, քանի որ Ռուսաստան չենք կարողանում արտահանել, այդ բացը Եվրոպայով լրացնելն անձամբ չեմ պատկերացնում՝ ոնց է հնարավոր»,- նշում է նա։

Միաժամանակ Գևորգյանը շեշտում է, որ արդեն սկսել են արտադրության արդիականացման գործընթացը՝ եվրոպական չափանիշներին համապատասխանելու համար։

«Մեր հնարավորությունների չափով արդեն սկսել ենք արտադրամասում արդիականացումներ՝ ստանդարտներին համապատասխանելու համար»,- ասում է նա՝ հավելելով, որ դա պահանջում է ժամանակ, մասնագետներ և զգալի ֆինանսական միջոցներ, մինչդեռ ոլորտը ճգնաժամի մեջ է։

Գևորգյանի խոսքով՝ ռուսական սահմանափակումների հետևանքով երեք մեքենայի չափով սառեցված ձուկ և շուրջ 150 տոննա պատրաստի արտադրանք մնում է չվաճառված։ Նա նշում է, որ տնտեսությունը պահպանելու համար ամսական առնվազն 100-150 մլն դրամ է անհրաժեշտ։

«100 միլիոնը մինիմալն է, որ քիչ կերակրես, զուտ բիոմասսան պահես, ոչ թե մեծացնես, առաջ գնաս»,- ասում է ձկնաբույծը։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment