Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում

Գույքագրվել են 250 կամրջային կառուցվածքներ, որոնց համար տրվել են կառուցման, վերակառուցման և  ուժեղացման մասնագիտական եզրակացություններ


ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում։


2025 թվականին իրականացվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տեղակայված կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, սեյսմիկ վիճակի գնահատում և առաջին անգամ՝ անձնագրավորում։ 


Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնել է Շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։ 


Նա հայտնել է, որ գույքագրվել են 250 կամրջային կառուցվածքներ, որոնց համար տրվել են կառուցման, վերակառուցման և ուժեղացման մասնագիտական եզրակացություններ, իսկ անձնագրավորման շրջանակներում ներկայացվել է յուրաքանչյուր օբյեկտի տեղադիրքը տարածության մեջ, տեխնիկական վիճակը, կառուցվածքը և ընդհանուր այլ տեղեկատվություններ։ 


Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր օբյեկտ բնութագրվում է 30-40 ցուցանիշով, իսկ բարդ կառույցները (օրինակ՝ Հաղթանակի, Դավիթաշենի կամուրջները)՝ մինչև 70 ցուցանիշով։ 


«Սա միայն սառը գույքագրում չէ։ Այս գույքագրման հիման վրա կատարված տեխնիկական եզրակացության արդյունքում Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է ըստ հերթականության ռիսկայնության կամրջային օբյեկտների դասակարգումը, որոնք ունեն հիմնանորոգման, վերանորոգման, վերակառուցման, ամրացման կարիք», – նշեց Արեյանը։ 


Նրա խոսքով՝ սա կարևոր է հետագա ռազմավարական, տարեկան աշխատանքային ծրագրերը կազմելու համար։ 


Արեյանը տեղեկացրեց, որ ամբողջ տեղեկատվությունը նախատեսվում է տեղադրել «Թվային Երևան» հարթակում, որպեսզի այն լինի մշտապես կիրառելի։ 


Թևոսյանն էլ նշեց, որ Կիևյան կամրջի մասով աշխատանքները պլանավորվում է իրականացնել ամառային արձակուրդների շրջանում՝ հավաստիացնելով, որ այս պահին կամուրջը սեյսմիկ տեսանկյունից ապահով է։

Leave a comment