«Առավոտ»-ի հարցերին պատասխանել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
-Տիկին Հակոբյան, Արցախի ԱԺ նախագահի պաշտոնից Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո ի՞նչ իրավիճակ է, կարծես փակուղային վիճակ է ստեղծվե՞լ։ Արցախցիների կողմից արդեն հարցադրումներ են հնչում, որ Արցախի ԱԺ-ն միակ լեգիտիմ կառույցն է, որը պետք է պահպանել՝ որպես Արցախի պետական ինստիտուտ, բայց պատգամավորները դա չեն գիտակցում։ Ի՞նչ քննարկումներ կան այս փուլում, ի՞նչ լուծումներ են հնարավոր։
-Շատ կարեւոր իրավիճակ է առաջացել։ Տեղահանությունից անմիջապես հետո միանշանակ կար այդ կարծիքը, որը մինչեւ այսօր էլ պահպանվում է, որ, այո, դա միակ մարմինն է, որը կարող է Արցախի հարցն անընդհատ բաց պահել, ունի իրավունք հենց ժողովրդի անունից խոսելու այդ մասին եւ ինչ-որ գործընթացներ իրականացնելու։ Եվ այդ առումով Արցախի ԱԺ-ն անփոխարինելի է եւ կարեւոր է դրա պահպանումը։
Այս երեք տարիների ընթացքում տարատեսակ խնդիրներ են առաջացել, բնականաբար, նաեւ ակնհայտ է եղել ճնշումը Հայաստանի իշխանությունների կողմից։ Մենք ամեն կերպ այդ ճնշումները հաղթահարել ենք։ Մեր խմբակցությունը հենց սկզբում հայտարարել էր, որ բռնի տեղահանությունից հետո այլ իրավիճակ է ստեղծվել, եւ Արցախի ԱԺ-ն այլեւս չի կարող Արցախին կամ վերադարձին վերաբերող որեւէ հարցում տարակարծիք լինել։ Եվ մենք առաջինն ենք եղել, որ հայտարարել ենք՝ մենք այլեւս ինքներս մեզ չենք դիտարկում որպես առանձին քաղաքական խումբ, այլ դիտարկում ենք որպես միասնական Արցախ, առաջարկում ենք, որ Ազգային ժողովը դառնա որպես մեկ միասնական խմբակցություն եւ կրի հենց Արցախ անունը։ Սկզբում թվաց, թե բոլորն ունեն այդ ընկալումը, բայց, ցավոք սրտի, ժամանակը ցույց տվեց, որ այդպես չէ, եւ ամբիցիաները նույնիսկ Արցախից դուրս շարունակվում են։
Դուք հիշում եք՝ մենք մոտ մեկ տարի առաջ շատ դժվարությամբ կարողացանք ընտրել Արցախի ԱԺ նախագահ։ Էլի հիմնականում թե ՀՀ իշխանությունների ճնշումը կար, թե այդ գործընթացի ներքին անհասկանալի հետաձգումը։ Եվ ես ուղղակի հասկացա եւ հիմա էլ հասկանում եմ, որ ընդամենը ցանկության խնդիր է՝ արդյոք հենց Արցախի ներկայացուցչությունում կա՞ ցանկություն՝ ընտրելու Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Այո, ես չեմ հերքում, որ սա հենց այս իշխանությունների ծրագիրն է, որ տարատեսակ ճնշումները նաեւ իրենց գործը կատարել են։ Բայց միայն մեղքը բարդել այս իշխանությունների վրա եւ դրանով ազատվել պատասխանատվությունից, դա անթույլատրելի է։ Հետեւաբար, այո, շատ կարեւոր է, որ այդ համախմբումը լինի, եւ այս անգամ եւս հաղթահարենք առաջացած խնդիրը։ Ցավոք սրտի, առ այսօր ես չեմ տեսնում գործնական քայլեր այդ ուղղությամբ։
–Պատգամավորների մեծամասնությունն ի՞նչ կարծիքի են, քննարկումներ չեք անցկացնո՞ւմ։
– Մեծամասնություն որպես այդպիսին կարծես թե չկա։ Ինչ-որ առանձին խմբեր ու անհատներ են ի հայտ գալիս, որոնք փորձում են խուսափել այդ պատասխանատվությունից։ Եթե մենք խոսում ենք ընտրության մասին, որը պետք է իրոք լեգիտիմություն ապահովի, ապա առնվազն 17 պատգամավոր պիտի կողմ քվեարկի թեկնածուին։ Սակայն այսօր նույնիսկ համաձայնություն չկա թեկնածուի շուրջ՝ թեկնածու չկա։ Ինչո՞ւ, որովհետեւ չստացվեց որպես միասնական քաղաքական թիմ հանդես գալ։ Եթե այդպես լիներ, խնդիր չէր լինի։ Բայց այսօր ցանկացած ընտրություն կատարելու համար շատ կարեւոր է մեծամասնություն կազմող խմբակցության դիրքորոշումը։ Եվ ըստ էության հենց իրենց կողմից պետք է առաջադրվի այդ թեկնածուն, որպեսզի քաղաքական հենարան ունենա։ Եվ առ այսօր մենք այդ առումով չունենք որեւէ որոշում, որեւէ առաջարկ։ Հետեւաբար, մենք արդեն մեկ շաբաթ է՝ տարբեր քննարկումներ ենք իրականացնում, փորձում ենք ինքներս ելք գտնել այդ իրավիճակից եւ խելամիտ լուծում ունենալ այդ հարցի շուրջ։ Մենք մտածում ենք, որ անթույլատրելի հանցագործություն է եւ դավաճանությանը հավասար քայլ է, եթե Աստված մի արասցե, Փաշինյանի ծրագրերն իրականանան եւ այլեւս Արցախը ներկայացնող կառույց չլինի։
-Հիմա ԱԺ նախագահի պաշտոնակատարը Գագիկ Բաղունցն է, նա երկար չի կարո՞ղ ստանձնել այդ ղեկավարումը։
-Գիտեք՝ ինչո՞ւ պարոն Բաղունցը չի կարող երկար մնալ պաշտոնակատար, որովհետեւ չկա նաեւ Արցախի նախագահ։ Հետեւաբար, անպայման պետք է ունենանք նաեւ Արցախի Ազգային ժողովի ընտրված նախագահ, որպեսզի նա կարողանա ստանձնել նաեւ նախագահի պարտականությունները։ Այս ընտրությունն իրականում անհրաժեշտ է, որպեսզի այնպես չստացվի, որ Արցախի Ազգային ժողովը լուծարվեց կամ այլեւս դադարում է գոյություն ունենալ։
-Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո ի՞նչ ժամկետներում պետք է նոր նախագահ ընտրվի։
-Այս պահին ես կարող հստակ ասել, որովհետեւ վերջին ժամանակներում անընդհատ փոփոխություններ են եղել։ Բայց կարծում եմ, որ դեռ ժամկետները չեն լրացել, մենք դեռ ժամկետների մեջ ենք։
-Իսկ եթե ձեր նշած համախմբումը չհաջողվի, ի՞նչ իրավիճակ կստեղծվի։
-Կստացվի, որ այն, ինչ Նիկոլն ուզում էր անել, այսինքն՝ Արցախը հանձնել ու Արցախը լուծարել հենց արցախցիների ձեռքով, դա ինքն իրականացրեց։ 2023 թվականի սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մենք կարողացանք ընտրել Արցախի նախագահ, երբ էլի նույն ծրագիրն էր եւ գլխատվում էր Արցախը, բայց մենք կարողացանք ընտրել նախագահ։ Եվ չնայած առ այսօր մեր հասցեին հնչող մեղադրանքներին՝ մենք կարողացանք փրկել իրավիճակը։ Հիմա եւս այդպես պետք է արվի, եթե այդպես չարվի, ուրեմն, Նիկոլը կարողացավ անել այն, ինչ ինքը ծրագրել էր։ Եվ այդ մեղքը եւ դավաճանության խարանը լինելու է հենց այն մարդկանց վրա, ովքեր մասնակցի եղան դրան։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: