Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Գարեգին Երկրորդն անդրադարձել է հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին

Հուլիսի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայից ժամանած գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի խոսնակ, մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար դոկտոր Մաթթիաս Կոպպի։

Դոկտոր Մաթթիաս Կոպպը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ ճանաչողական այցի նպատակն է առավել խորությամբ ծանոթանալ Հայոց Եկեղեցուն, հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր ու մշակութային ժառանգությանը և քրիստոնեական ավանդույթներին։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց հյուրերի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ընդգծելով, որ այսօրինակ այցելությունները նպաստում են ժողովուրդների և Եկեղեցիների միջև հարաբերությունների ու եղբայրական կապերի առավել ամրապնդմանը։

Իր խոսքում Հայոց Հայրապետն անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում՝ մասնավորապես ընդգծելով Եկեղեցու դերակատարությունը քրիստոնեական հավատքի զորացման, ազգային ինքնության պահպանության, հոգևոր ու մշակութային ժառանգության կերտման գործում։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ իր գնահատանքը հայտնելով բարեկամ երկրներին, այդ թվում՝ Գերմանիային, Քույր Եկեղեցիներին և միջազգային կառույցներին՝ դժվարին ժամանակներում հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության համար։
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու գործունեությանը, միջեկեղեցական հարաբերություններին, Հայաստանի հոգևոր ու հասարակական կյանքին։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment