Կառավարության այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Հայաստանից դեպի եվրոպական երկրներ հայկական արտադրության ձկան արտահանումը կազմակերպելու վերաբերյալ «Եվրոպական միության առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում գրանցման համար ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերքի արտադրությամբ կամ ձկան ու ձկնամթերքի պահպանմամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ այդ շուկան դիվերսիֆիկացնելու հնարավորություն ստեղծելու նպատակով։
Փաստաթղթում նշվում է, որ դեռ 2025 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել ջրային կուլտուրաներ (թեփուկավոր ձկներ) և դրանցից ստացված արտադրանքը Եվրոպական միության երկրներ արտահանելու համար։ Սակայն դրա համար, ինչպես պահանջում է Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգը, ձուկ կամ ձկնամթերք արտահանող տնտեսավարողները պարտադիր պետք է գրանցվեն Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում (TRACES)։
Իսկ այդ համակարգում գրանցվելու համար տնտեսվարող սուբյեկտին անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թույլտվությունը, որը տրվում է Եվրոպական միության կանոնակարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով իրականացված լաբորատոր հետազոտությունների հիման վրա։ Բայց առ այսօր մեզանում սահմանված չեն անգամ Եվրոպական միության կանոնակարգերով ու դիրեկտիվներով նախատեսված պահանջներին համապատասխանության կարգն ու իրավական հիմքերը, որոնցով հնարավոր կլինի իրականացնել համապատասխան լաբորատոր հետազոտությունները։
«Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ տնօրեն Գոռ Գրիգորյանը MediaHub-ին հավաստիացնում է, որ անգամ կառավարության ներկայացրած նախագիծն ընդունելուց հետո այնպես չէ, որ հնարավոր է լինելու Հայաստանից ձուկն անմիջապես Եվրոպա արտահանել։
«Դեռ պետք է չափորոշիչները մշակվեն, ձուկն ու ձկնամթերքը պետք է համապատասխան լաբորատոր փորձաքննություն անցնեն՝ ըստ այդ չափորոշիչների, որից հետո միայն, դրանց համապատասխանելու դեպքում, արտադրողներն ու արտահանողները պետք է գրանցվեն Առևտրի վերահսկման և փորձագիտական TRACES համակարգում և արտահանման թույլտվություն ստանան։ Այդուհանդերձ, արտահանման թույլտվություն ստանալը դեռ պատրաստի շուկա չի ենթադրում, որտեղ մեր արտադրանքը կարող է անխտիր վաճառվել»,- նշում է նա։
Գոռ Գրիգորյանն ասում է, որ որևէ շուկայի ձևավորումը կարող է տասնամյակներ տևել, ինչպես եղավ ռուսական շուկայի դեպքում՝ աստիճանաբար ու հետևողական քայլերի արդյունքում։ Իսկ եվրոպական շուկաներ տեղական ձկնամթերքի արտահանումն, ըստ նրա, անհնարին է դարձնում տեղական արտադրանքի ոչ մրցունակ լինելը՝ պայմանավորված բարձր գնով։ «Մարկետոլոգ կամ շուկայագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ եվրոպական երկրներից ներմուծվող հումքով՝ բեղմնավորված ձկնկիթով ու ձկան կերով ստացվող և աճեցվող ձուկը չի կարող ունենալ այնպիսի գին (ներառյալ լոգիստիկ ծախսերը), որ այդ նույն եվրոպական երկրներում ավելի մատչելի վաճառվի, քան իրենց տեղականն է, կամ գոնե նույն գնով։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ այստեղ ձկնարտադրողները վճարում են այն լճերի ջրի համար, որում աճեցնում են ձուկը, իսկ Եվրոպայում տնտեսվարողները ոչինչ չեն վճարում գետերի ու լճերի ջրերը ձկնարտադրության նպատակով օգտագործելու համար»,- ասում է ՀԿ տնօրենը։
Նա վստահեցնում է, որ մեր արտադրանքի համար այս պահին լավագույն արտահանման շուկան շարունակում է մնալ ռուսականը, որտեղ իրացվել է արտահանվող ձկնամթերքի 90 տոկոսը։ Ինչպես նշում է Գոռ Գրիգորյանը՝ տարեկան մոտ 10 000 տոննա ձուկ է արտահանվել Ռուսաստան՝ հիմնականում իշխան և շատ քիչ քանակությամբ թառափ։ Հայաստանից ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ նաև ձկան պահածո է արտահանվում, սակայն այնտեղ տեղական արտադրանքի սպառումն այնքան սահմանափակ է, որ իրացվում է մեր արտադրական ծավալների չնչին տոկոսը միայն։
Անդրադառնալով տեղական ձկնամթերքի նկատմամբ ռուսաստանյան սահմանափակումներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ դրանք ավելի շուտ քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված, այլ ոչ թե սննդի անվտանգության խնդիրներով։
«Տասնամյակներ շարունակ նույն որակի ապրանքն արտահանվել է ռուսական ու ԵԱՏՄ շուկա և վաճառվել. չէր կարող մեկ օրում այդ ապրանքի որակն այնպես փոխվել, որ չհամապատասխաներ ԵԱՏՄ շուկայի չափորոշիչներին։ Արտահանվող ապրանքը փորձաքննություն էր անցել, ուներ որակի հավաստման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, սակայն մեկ օրում ռուսական շուկայի դռները փակվեցին, և ապրանքը սահմանին մի քանի օր թողնելուց հետո արտահանողները ստիպված այն հետ բերեցին»,- տեղեկացրեց Գոռ Գրիգորյանը։
Ստեղծված իրավիճակով ձկնարտադրողները խիստ մտահոգ են, քանի որ եթե ռուսական շուկան շարունակի փակ մնալ իրենց արտադրանքի իրացման համար, ապա հետևանքները կարող են կործանարար լինել տնտեսությունների և տնտեսվարողների համար։ «Ձուկ արտադրող խոշոր ընկերությունները տեղական շուկայում սովորաբար ձուկ չեն վաճառել՝ թույլ տալով, որ տեղական շուկայում փոքր ու միջին տնտեսություններն իրացնեն իրենց արտադրանքը։ Իսկ խոշորները հիմնականում արտահանել են։ Եվ հիմա, զրկվելով արտահանման շուկայից, խոշոր ընկերությունների համար ևս սպառման հիմնական շուկան մնալու է տեղականը»,- ասում է ՀԿ ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ շուկայում մեծ առաջարկով պայմանավորված՝ զգալի գնանկում կլինի, բայց դրանից էականորեն կտուժի տնտեսվարողը։
Մեր հարցին, թե ինչպե՞ս են տնտեսվարողները փորձելու դուրս գալ ստեղծված իրավիճակից, և արդյո՞ք պետական աջակցություն նախատեսվում է, թե՞ ոչ, Գոռ Գրիգորյանը հայտնեց, որ ձկնարտադրության ոլորտը ևս ռուսաստանյան սահմանափակումների պատճառով մեծ կորուստներ ունեցավ, ոլորտում գործող տնտեսվարողները տուժեցին, և մյուս ոլորտների տուժած տնտեսվարողների հետ մեկտեղ կառավարությունը պարտավորություն ունի խորհելու ու լուծումներ գտնելու նաև ձկնարտադրողների խնդիրների համար՝ օրինակ՝ սուբսիդավորվող կամ բյուջետային վարկեր տրամադրելով։
Տնտեսվարողներն այլևս չեն կարողանում անհատական վարկեր ներգրավել, որովհետև արդեն իսկ ունեն վարկեր, մյուս կողմից էլ՝ ոլորտը ռիսկային է համարվում, և բանկերն ու վարկային կազմակերպությունները գրեթե վարկեր չեն տրամադրում։ Այնպես որ, Գոռ Գրիգորյանի եզրակացությամբ՝ առանց պետական միջամտության և աջակցության՝ ձկնարտադրող տնտեսությունները մեկ ամիս էլ չեն գոյատևի։
Թագուհի Ասլանյան