Այա Սոֆիայում Աստվածաշունչ կարդալու համար ՌԴ քաղաքացիներ են ձերբակալվել

Ermenihaber. Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթում Աստվածաշունչ կարդալու համար Ռուսաստանի քաղաքացիներ են ձերբակալվել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նշվում է, որ միջադեպով զբաղվում է Ստամբուլում Ռուսաստանի հյուպատոսությունը։

Հյուպատոսության աշխատակիցները կապ են հաստատել ոստիկանության հետ և ճշտել դեպքի մանրամասները։ Ոստիկանությունը հայտնել է, որ մզկիթի անվտանգության աշխատակիցները տեսել են, որ նրանք մզկիթում Աստվածաշունչ են ընթերցում, ինչը չի թույլատրվում։

Ռուսաստանի քաղաքացիներին տարել են ոստիկանական բաժանմունք ու նրանց դեմ հարուցվել է քրեական վարույթ՝ Թուրքիայի օրենսգրքի 216-րդ հոդվածի համաձայն։ Սույն հոդվածը ենթադրում է «Հանրության նկատմամբ ատելության և թշնամանքի հրահրում կամ նվաստացում»։ Դեպքի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը նախ եղել է հունական ուղղափառ քրիստոնեական եկեղեցի, այնուհետև դարձել կաթոլիկ տաճար, իսկ 1453-ին վերածվել է օսմանյան մզկիթի։ 1935 թվականին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Քեմալ Աթաթուրքը Սուրբ Սոֆիային տվել էր թանգարանի կարգավիճակ, բայց Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2020-ին այն նորից վերածեց մզկիթի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment