Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ՌԴ ԱԳՆ

Քաղաքականություն

16.07.2026 | 14:01

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա պաշտոնական այցից առաջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը մեզ համար կարևոր են։ Ինչպես նախկինում՝ մենք պատրաստ ենք տրամադրել պահանջվող աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,- ասվում է  ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ այս գործընթացների ճանապարհային քարտեզները ներառված են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ հայտարարություններում։

Բացի այդ, հայտարարությունում նշվում է, որ Ռուսաստանին, Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Հայաստանին և Վրաստանին միավորող 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակը էական  ներուժ ունի։ Այս մեխանիզմը կոչված է տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների կողմից տարածաշրջանային ցանկացած խնդրի և մարտահրավերի լուծմանը նպաստելու  համար՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

Նշենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է ՌԴ։ Հուլիսի 17-ին նա բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment