Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Ծիծեռնակաբերդի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ տեղում ծանոթանալու բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին։ Այս փուլով նախատեսվում է հիմնանորոգել Հավերժության տաճարի ևս երեք մույթերը և թանգարանային հատվածը։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքներին հետևելու նպատակով։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են  աշխատանքների ընթացքը՝ տեղեկացնելով, որ շինարարության և  բարեկարգման որակն ապահովվում է մասնագիտական վերահսկողությամբ։

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսվում է Հավերժության տաճարի ևս երեք մույթերի հիմնանորոգում և թանգարանային հատվածի նորոգում»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ բարեկարգման առաջին փուլն ավարտվել է ապրիլին․ հիմնանորոգվել են հուշահամալիրի կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, Հավերժության տաճարի մույթերը, կառուցվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում, փոխարինվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածներում տեղադրվել է նոր սալահատակ, հուշապատի երկայնքով կառուցվել է նոր ճեմուղի, բարեկարգվել է հուշահամալիրի կանաչ տարածքը, հիմնանորոգվել է ոռոգման ցանցը։

Նշենք նաև, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման առաջին փուլը լայն հանրային քննարկումների առիթ էր դարձել։ Մի շարք ճարտարապետներ, մշակութային ժառանգության պահպանության մասնագետներ և ընդդիմադիր գործիչներ մտահոգություններ էին հայտնել իրականացվող աշխատանքների որակի, օգտագործվող նյութերի և հուշահամալիրի սկզբնական ճարտարապետական տեսքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ՝ դրանք որակելով անընդունելի։ Ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ աշխատանքներն իրականացվում են հեղինակային, տեխնիկական և գիտամեթոդական վերահսկողությամբ, իսկ բոլոր լուծումները մշակվել են մասնագետների մասնակցությամբ։

Leave a comment