Հայաստանում երկաթուղային ուղևորափոխադրումների վնասները փոխհատուցելու համար ևս 65,2 մլն դրամ կհատկացվի
Կառավարությունը 65 միլիոն 222 հազար դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությանը տրամադրվող սուբսիդիայի չափը, որն ուղղվելու է ուղևորափոխադրումներից կրած վնասների փոխհատուցմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 16-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
2026 թվականին՝ 2025-ի արդյունքներով վճարման ենթակա սուբսիդիայի գումարը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, մինչդեռ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով այդ նպատակով նախատեսվել էր 246 միլիոն 989 հազար դրամ։ Արդյունքում ձևավորվել է 65 միլիոն 222 հազար դրամի կրեդիտորական պարտք։
Սուբսիդիայի չափի ավելացումը պետական բյուջեի համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ այն վճարվում է ՀԿԵ ընկերության կողմից պետբյուջե փոխանցվող կոնցեսիոն վճարին համարժեք գումարի սահմաններում։
2025 թվականի կոնցեսիոն վճարի գումարը կազմել է 312 միլիոն 211 հազար դրամ, որն ընկերությունը վճարել է ընթացիկ տարվա հունիսի 4-ին։ Որոշմամբ նախատեսվում է վերաբաշխման միջոցով ավելացնել սուբսիդիայի գումարը 65 միլիոն 222 հազար դրամով։
Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ պետությունը մասնակիորեն փոխհատուցում է ուղևորափոխադրումների հետևանքով ընկերության կրած վնասները։