Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Էնգելսը․ թիրախում ռազմական օդանավակայանն է

ՌԴ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է Էնգելսի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին: Նա նշել է, որ քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, բայց ոչ ոք չի տուժել, գրում է Current time-ը։

Տելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը հարվածում բազմահարկ շենքին: Astra-ի տվյալներով՝ բնակելի շենքը գտնվում է Էնգելսի ռազմական օդանավակայանի թռիչքուղուց երկու կիլոմետր հեռավորության վրա։

Astra և Exilenova+ տելեգրամ ալիքների վերլուծության համաձայն՝ օդանավակայանն է եղել անօդաչուների թիրախը։

Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտնել է, որ Սուզեմկա գյուղին հարվածի ժամանակ երկու զոհ կա՝ 15-ամյա աղջիկ և նրա տատիկը։ Վիրավորվել է տեղի մեկ այլ բնակիչ։ Մեկ տուն ամբողջությամբ ավերվել է, վնասվել են չորս տուն, օժանդակ շինություններ, մեքենա և տրակտոր։

Բրյանսկի մարզի նահանգապետ Միխայիլ Եվրաևը հայտնել է, որ հարձակման ժամանակ զոհվել է մեկ տղամարդ, ևս չորս վիրավոր կա։

Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը հայտնել է հինգ տուժածի  մասին։ Նրանց տվյալներով՝ Շեբեկինոյում FPV անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով վիրավորվել են 13, 16 և 18 տարեկան աղջիկներ, իսկ Ցերկովնի գյուղում մեքենայի վրա անօդաչուի հարվածից վիրավորվել են երկու տղամարդիկ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սարատովի, Սմոլենսկի, Տվերի, Տուլայի և Յարոսլավլի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա խոցված ուկրաինական 375 ԱԹՍ-ների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment