«Բազմիցս ասել եմ, որ հատվածական ենք նայում այս իշխանությունների գործունեությանը։ Այնինչ, դեռ 2018 թվականից պնդում եմ, և դա իմ հիմնավոր կարծիքն է, որ այս իշխանությունը եկել է հստակ ծրագրով երկու միասնական նպատակ իրագործելու համար։ Մեկը՝ Արցախն օր առաջ հանձնել Ադրբեջանին, և մյուսը՝ Հայաստանը դարձնել ուղղակի տարածք, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը»,«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, երբ անդրադառնում ենք վերջին ամիսներին քաղաքական դրդապատճառներով ձերբակալություններին։
Օրերս հայտարարվեց նաև, որ ձևավորվում է քաղաքագետներից, իրավապաշտպաններից ու դիվանագետներից կազմված հանձնախումբ։ Այն զբաղվելու է քաղաքական պատճառներով հետապնդվող մարդկանց իրավունքների պաշտպանության հարցերով։ «Երբ մտածել ենք հանձնախումբ ստեղծելու մասին, նախ և առաջ բոլոր՝ բավականին իրազեկ և ակտիվ խմբերին հարցրել ենք, թե կա՞ միասնական շտեմարան, որտեղ գրանցված են ոչ միայն նրանք, ովքեր այսօր են գտնվում անազատության, տնային կալանքի կամ հետապնդման մեջ, այլ նաև հետապնդման են ենթարկվել այս իշխանության կառավարման սկզբից։ Պարզվեց, որ այդպիսի անձանց անգամ միասնական շտեմարան չկա։ Երկրորդ՝ կարծես բոլորիս համար է պարզ, որ միջազգային հանրությունն ուղղակի ոգևորում է այս իշխանություններին այսպիսի գործողությունները շարունակելու համար։ Կարծես թե մենք էլ համակերպվել ենք, որ իմաստ չունի դիմելու որևէ մարմնի։ Դրա հետ և՛ ես, և՛ մեր խմբի անդամները համաձայն չենք։ Կարծում ենք, որ մեր հասարակության սխալներից մեկն այն է, որ պատշաճ ձևով ակտիվ չենք եղել ոչ միայն այս իշխանությունների ժամանակ, այլ, կարծես, չգիտենք էլ այն բազմաթիվ մարմինների տեղն ու գործունեությունը, որոնց պետք է անպայման դիմել այսպիսի դեպքերում։ Նախկինում միջազգային հանրությունը վերին աստիճանի հետևողականորեն գտնում էր, նշում, հնչեցնում և դատապարտում նման դեպքերը, իսկ հիմա հակառակ վիճակն է։ Բայց դա մեզ չպետք է մոլորության մեջ գցի։ Պետք է բոլոր մարմիններին դիմել, որոնց թիվը մոտ երեք տասնյակ է։ Ռեպրեսիաների ներքո հայտնված մարդկանց մեջ կանանց, մինչև անգամ երեխաների իրավունքներն են ոտնահարվում։ Ունենք տարեցներ, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիներ, որոնք հետապնդման են ենթարկվել։ Վերջերս նաև խոսվեց ինքնասպանության մի դեպքի մասին։ Օրինակները շատ են։ Կարծում եմ, որ երբեմն մենք ենք չեզոք գտնվել և չենք դիմել միջազգային տարբեր կազմակերպությունների։ Կրկին հիշեցնեմ՝ այն կազմակերպությունները, որոնք նախկինում եղել են շատ ակտիվ, այսօր ոչինչ չեն անում։ Նոր կազմավորվող հանձնախմբերը պարտավոր են դիմել հնարավոր բոլոր կառույցներին։ Այդպիսի գործունեությունը որպես պարտավորություն ենք ընկալում։ Անգամ ամոթ է, որ այսօր չունենք մանրակրկիտ միասնական շտեմարան, որտեղ ներառված կլինեն քաղաքական հետապնդման ենթարկված անձինք։ Չպետք է մոռանալ, որ այս ամենն ունի ոչ միայն քաղաքական բնույթ, այլև մարդկային։ Ամեն անգամ կոնկրետ մարդկանց մասին է խոսքը։ Գործ ունենք քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց և նրանց ընտանիքի անդամների իրավունքների ոտնահարման հետ։ Կարծում եմ՝ մարդասիրական ասպեկտը չպետք է աչքաթող անել»,-ասում է մեր զրուցակիցը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: