Իմ տանը կատարված խուզարկությունը Գյումրու ավագանու նիստը տապալելու փորձ է, բայց քրեական հետապնդումներով մեզ չեն վախեցնի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ իրավապահները «աղմկահարույց» խուզարկության ընթացքում ոչինչ չեն գտել և տարել են միայն իր անչափահաս երեխաների հեռախոսները, ընդ որում՝ ինքը՝ Սիմոնյանը, այս գործով դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Մեկնաբանելով Ավետիս Առաքելյանի՝ խորհրդարան գնալու դեպքում Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերը՝ ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած քայլի՝ հանուն քաղաքի բարօրության, իսկ համայնքների արհեստական խոշորացման միջոցով քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիպոթետիկ ծրագրերը կդառնան 30 հազար գյումրեցու ձայների ցինիկ արհամարհում։
Հիշեցնենք, որ Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու է։ Ավելի վաղ նրա անունը շրջանառվել էր Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակված ձայնագրության մեջ՝ ընտրողների ենթադրյալ կաշառման գործով։