ՀՀ գլխավոր դատախազությունից երեկ հայտնեցին, որ դատախազը Մարտի 1-ի գործով մեղադրյալներից մեկի՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձրել է նախաքննական մարմնին՝ մեղադրական եզրակացությամբ այն ավարտելու համար:
Նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասում է. «Ես նման բան չէի լսել իմ ողջ կյանքում: Սա ընդհանրապես կարճման ենթակա գործ է, մահացած մարդու նկատմամբ ի՞նչ պետք է անեն, ես դա լավ չեմ հասկանում: Եթե խոսքն ուղղակի Մարտի մեկի քրեական գործի վերաբացման մասին լիներ, դա մի փոքր այլ կլիներ, բայց թե ինչ կարող են մահացած մարդու հետ կապված փնտրել, դա աբսուրդ է: Սա ոչ իրավաչափ է, հասկանում եք, չէ՞, ինչ աստիճան աբսուրդի հետ գործ ունենք: Եթե մարդը մահանում է, գործը նման դեպքերում չի կարող նորից բացվել: Մի բան այն չէ այստեղ: Դժվարանում եմ նույնիսկ այս ամենին գնահատական տալ: Մարտի 1-ի գործը Փաշինյանի համար մի գործընթաց է, որի շուրջ նա անդադար փորձում է ինչ-որ նոր բաներ փնտրել: Սա է ողջ խնդիրը: Ո՛չ տրամաբանություն կա, ո՛չ իրավաչափություն կա»:
Նախկին փոխոստիկանապետ, պատգամավոր Գագիկ Համբարձումյանն էլ, անդրադառնալով նույն թեմային, ասաց. «Հերթական աբսուրդը: Մահացած մարդու հետ կապված ի՞նչ գործ կարող է լինել, թեպետ այսօրվա վիճակով զարմանալ պետք չէ, բեսպրեդել է ամենուր: Ինչ ասես, անում են: Կլկտիանան այնքան, որքան թույլ կտա հանրությունը: Լկտին կլկտիանա այնքան, որքան թույլ կտանք: Թույլ ենք տալիս, սա էլ լկտիանում է: Այս մարդու լկտիությունները պետք է մի օր անպայման կանխել, այս հանցագործներին պետք է զրկել իշխանությունից: Հասկանո՞ւմ եք՝ ոչ մի անելիք էլ չունեն այս մարդիկ, ոչ էլ անգամ նոր ասելիք ունեն, միայն խոսում են Մարտի 1-ի գործից, ուրիշ ոչինչ չեն կարող անել: Վերջին հաշվով, հենց Մարտի 1-ով Նիկոլը դարձավ քաղաքական գործիչ, հետեւաբար՝ իր համար շատ կարեւոր է այս գործի մասին շահարկումներ անելը»:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: