Շատ գայթակղիչ է այն միտքը, որ կարող ես որևէ բան ըմպել ու միանգամից էներգիայով լիցքավորվել․ չէ՞ որ ժամանակը մեզ երբեք չի բավականացնում ու պետք է ամեն ինչ հասցնել մեկ օրվա ընթացքում, ասենք, օրինակ, մարզվել՝ չնայած որ ամբողջ օրն անցկացրել ես աշխատավայրում ու մի «աշխարհ» գործ էլ դեռ տանը կա։ Ահա թե ինչու են էներգետիկ ըմպելիքներ, որոնք խոստանում են ակտիվություն պարգևել այն ըմպողին, այդքան լավ վաճառվում ամբողջ աշխարհում:
Առողջ մեծահասակների մեծ մասի համար այս ըմպելիքների չափավոր օգտագործումը բարդություններ չի առաջացնում, սակայն աշխարհի առաջատար բժշկական հաստատությունները զգուշացնում են՝ էներգետիկները բոլորի համար անվտանգ չեն, իսկ որոշ դեպքերում կարող են լուրջ վտանգ ներկայացնել առողջությանը։ Ռիսկի խմբում են հատկապես երեխաները, դեռահասները, հղիները կամ կրծքով կերակրող մայրերը, բարձր զարկերակային ճնշում, սրտի ռիթմի խանգարումներ, սրտանոթային հիվանդություններ ունեցող անձինք։
էներգետիկ ըմպելիքներ օգտագործելուց առաջ դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես անվնաս զովացուցիչ ըմպելիք, այլ որպես մեծ չափաբաժնով կոֆեին և այլ խթանիչ նյութեր պարունակող արտադրանք, որի օգտագործումը պահանջում է զգուշավորություն և չափավորություն։
Մեզ սովորեցրել են ինչ-որ բան ընտրելիս նայել բաղադրությանը, և այս տեսանկյունից, թվում է, էներգետիկները զուտ ավելի «ուժեղ սուրճի» տեսակ են, քանի որ որպես հիմնական ակտիվ բաղադրիչ կոֆեին են պարունակում, սակայն դրանք սովորաբար պարունակում են նաև մեծ քանակությամբ շաքար, գուարանա (կոֆեինի բնական աղբյուր), տաուրին, ժենշեն, B խմբի վիտամիններ և այլ խթանիչ նյութեր, որոնց համակցված ազդեցությունը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ։
Այս խթանիչների համադրությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու սրտանոթային, նյարդային համակարգերի վրա։
Ըստ Սրտի ամերիկյան ասոցիացիայի՝ նույնիսկ մեկ էներգետիկ ըմպելիքի օգտագործումից հետո հնարավոր է.
- զարկերակային ճնշման բարձրացում,
- սրտի աշխատանքի արագացում,
- սրտի ռիթմի խանգարումներ,
- արյունատար անոթների աշխատանքի ժամանակավոր վատթարացում։
Այս փոփոխություններն ավելի արտահայտված են լինում այն մարդկանց շրջանում, որոնք ունեն սրտանոթային հիվանդություններ կամ գենետիկ նախատրամադրվածություն։
Այս հետազոտությունում նշվում է նաև էներգետիկ ըմպելիքների չարաշահման հետևանքով առաջացած առողջական այնպիսի լուրջ վտանգների մասին, ինչպիսիք են սրտի կանգը, կաթվածը, սրտամկանի ինֆարկտը։ Հեղինակները նշում են, որ հիմնական ռիսկը պայմանավորված է ոչ միայն կոֆեինի քանակով, այլև այլ խթանիչների (օրինակ՝ գուարանա, տաուրին) համակցված ազդեցությամբ։
Mayo Clinic-ի մասնագետները նշում են, որ շատերն էներգետիկ ըմպելիքներ են օգտագործում հոգնածության դեմ պայքարելու համար, սակայն հաճախ ստացվում է հակառակ արդյունքը՝ կոֆեինի մեծ չափաբաժինը կարող է խաթարել քունը՝ խանգարելով օրգանիզմի նորմալ վերականգնմանը։
Եթե նման ըմպելիքները օգտագործվում են ամեն օր, ձևավորվում է փակ շրջան՝ քնի պակասը ստիպում է նորից կոֆեին օգտագործել՝ ակտիվանալու համար, իսկ կոֆեինի ավելցուկը կրկին խաթարում է քունը։
Ինչո՞ւ են դեռահասներն առավել խոցելի
Էներգետիկները, ինչպես նշվեց, հատկապես վտանգավոր են երեխաների և դեռահասների համար, որոնք էլ, սակայն, ավելի շատ են հակված նման ըմպելիքներ օգտագործելու։
Նոր զարգացող օրգանիզմի համար այս խմիչքները լավագույն ընտրությունը չեն․ երեխաների, դեռահասների նյարդային և սրտանոթային համակարգերն ավելի զգայուն են կոֆեինի նկատմամբ, և էներգետիկների օգտագործման հետևանքով նրանց շրջանում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները․
- անհանգստություն,
- դյուրագրգիռություն,
- ձեռքերի դող,
- սրտխփոց,
- գլխացավ,
- քնի խանգարումներ,
- ուշադրության և կենտրոնացման դժվարություններ։
Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաներին և դեռահասներին ընդհանրապես խուսափել էներգետիկ ըմպելիքներից։
Կրկնակի վտանգ է ստեղծում էներգետիկ ըմպելիքների համադրումն ալկոհոլի հետ։ Կոֆեինը կարող է ստեղծել կեղծ զգացողություն, թե մարդն այնքան էլ հարբած չէ։ Սակայն իրականում այս համակցությունն օգտագործած մարդու մոտ դանդաղում է արձագանքման արագությունը, խանգարվում է շարժումների կոորդինացիան, որոշումների կայացման արդյունավետությունը։ Այս ամենի հետևանքով մեծանում է ճանապարհատրանսպորտային պատահարների, վնասվածքների և այլ վտանգավոր իրավիճակների հավանականությունը։
Էներգետիկների հետ կապված մեկ այլ խնդիր է «թաքնված շաքարը»։ Շատ էներգետիկ ըմպելիքներ պարունակում են ավելի քան 50 գրամ շաքար։
Մեծ քանակով շաքարի օգտագործումը կարող է առաջացնել առողջական խնդիրներ, ինչպիսիք են՝
- ավելորդ քաշ,
- ճարպակալում,
- 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացում,
- ատամների վնասում,
- սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ։
Էներգետիլ ըմպելիքների օգտագործման նպատակներից մեկն էլ կարող է լինել մարզումների համար էներգիա ստանալը, սակայն, օրինակ, Եվրոպական սրտաբանության ընկերությունը զգուշացնում է, որ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից առաջ կամ ընթացքում էներգետիկ ըմպելիքների օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել սիրտը։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: