«Միշտ պետք է ուշադիր հետեւել, թե Հայաստանին վառելիքաէներգետիկ, անվտանգային հարցերով «ապահովող», բայց իրականում մեր տարածքները բռնազավթած Իլհամ Ալիեւը ինչպես է կառուցում իր հարաբերությունները աշխարհի հետ»,- Հայելի ակումբում նշեց լեզվաբան, Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
Անդրադառնալով բռնազավթված Շուշիից Ալիեւի եւ ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի երկխոսությանը՝ Դիլբարյանը նշում է. «Այնտեղ կար արեւելյան մեղրածոր քաղցրությունը, իհարկե, Գորդոնի մոտ էլ կար իրար հաճոյախոսելը, ինչը բաց թողնենք որպես արեւելյան դիվանագիտության գործիք, բայց նշենք, թե որտեղից ով ինչպիսի հայտարարություններ էր կատարում: Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմի ընթացքում, խախտելով միջազգային օրենքները, նախ բռնազավթեց Արցախի՝ ինքնահռչակ, բայց միջազգային օրենքների հիման վրա ձեւավորված Հանրապետությունը, այնուհետեւ, համագործակցելով Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, էթնիկ զտման ենթարկեց Արցախը, այժմ խոսում էր ընդդեմ նվաճողների։
Դմիտրի Գորդոնի հետ զրուցում Ուկրաինան ներկայացվեց որպես ռազմական գործողություններում բացարձակ հաջողակ պետություն, իսկ ՌԴ-ն՝ տապալված եւ ագրեսոր: Հետաքրքիր էր, թե ինչպես էր ինքը զուգադրում իր փորձը Արցախում ցեղասպանություն իրականացնելու եւ ամբողջությամբ բռնազավթելու առումով, ասում էր՝ ես չեմ կարծում, որ դուք իմ խորհրդի կարիքն ունեք, բայց կիսվում էր իր կարծիքով հաջողված իր փորձով, այսինքն, ըստ էության, Ալիեւը ուկրաինացիներին դրդում էր շարունակել պատերազմը եւ գնալ իր հետքերով»։
Դիլբարյանի խոսքով. «Նա նշում էր, որ իբր եվրոպացիները ժամանակին ստիպում էին իրեն հաշտվել իրավիճակի հետ, ասում էին՝ մոռացեք Լաչինի միջանցքը, թողեք դա հայերին, թողեք Քարվաճառը, մնացածը ձեզ վերցրեք, արյուն մի թափեք, պատերազմը պետք է կասեցնել… Նա ասում էր, որ իրենց վրա ճնշում էին գործադրում, բայց իրենք չհանձնվեցին: Ուղղակիորեն ասում էր՝ Ուկրաինա, մի՛ լսեք ԱՄՆ-ին, եվրոպական պետություններին, նաեւ ամպագոռգոռ հայտարարություններ էր անում, թե, իր խոսքով, անհնար է կանգնեցնել այն ժողովրդին, որը ձգտում է ինքնիշխանության եւ ուզում է պահպանել իր ազգային ինքնությունը… Մի բռնապետ, միջազգային հանցագործ, մեկ այլ պետության, որը պատերազմ է վարում Ղրիմի համար, որտեղ ուկրաինացի ժողովուրդը չի կազմել մեծամասնություն, խորհուրդներ էր տալիս, ցեղասպանությամբ հարց լուծողը մյուս պետությանն առաջարկում է որդեգրել իր ճանապարհը եւ խոստանում ուժերի ներածին չափով օգնել ուկրաինացի ժողովրդին»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: