Իրանի հետ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն, հնարավոր է, օգտագործել է իր ռազմավարական նշանակության զինամթերքի պաշարների մեկ երրորդից մինչև կեսը, ինչը մտահոգություններ է առաջացնում ապագա հնարավոր պակասի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ռազմական փորձագետի գնահատականներին։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հաշվի առնելով, որ տարեկան արտադրվում է ընդամենը շուրջ 600 Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռ, ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի պաշտոնաթող գնդապետ Մարկ Կանսիանը զգուշացրել է, որ պաշարների վերականգնումը կարող է տարիներ տևել։
«Եթե այսօր որոշեք պատվիրել ևս մեկ Patriot համակարգ, ամենայն հավանականությամբ այն կստանաք միայն չորս-հինգ տարի անց՝ արդեն գոյացած պատվերների հերթի պատճառով», — նշել է Կանսիանը։
Նրա գնահատմամբ՝ արտադրական սահմանափակ կարողությունները և մեծ պահանջարկը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության զինանոցների համալրման գործընթացի վրա։