Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ

Քաղաքականություն

14.07.2026 | 15:29

Ղրղզստանի կառավարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներ նավթի և նավթամթերքի արտահանման արգելք է սահմանել և վերացրել է Չինաստանից բենզատարբերով նավթամթերքի ներմուծման ժամանակավոր արգելքը։ Այս մասին հայտարարել է երկրի նախարարների կաբինետը, գրում է Current time-ը։

ԵՏՄ-ում ներառված են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները Ռուսաստանում վառելիքի պակաս են առաջացրել: ՌԴ իշխանությունները սահմանափակումներ են մտցնում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի վրա տարածաշրջաններում և օկուպացված ուկրաինական տարածքներում: Արդյունքում, սահմանամերձ շրջանների բնակիչները սկսել են մեկնել Ղազախստան՝ իրենց մեքենաները լիցքավորելու համար: Ի պատասխան՝ Ղազախստանի իշխանությունները Ռուսաստանի հետ սահմանին մոտ 60 անցակետ են տեղադրել՝ վառելիքի անօրինական արտահանումը կանխելու համար։

Ղրղզստանից վառելիքի արտահանման արգելքը նախկինում ևս գործում էր, սակայն արգելվում էր դրա արտահանումը ԵՏՄ-ից դուրս: Փոփոխությունների համաձայն՝ ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտով վառելիքի արտահանման արգելքն այժմ տարածվում է ԵՏՄ անդամ պետությունների վրա: Հրամանագրում կոնկրետ ամսաթիվ չի նշվում. այն ուժի մեջ կմնա «մինչև ներքին շուկայի հագեցածությունը կամ նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորումը» ԵՏՄ-ի շրջանակում:

Նշվում է, որ բացառություն է արվել նավթի, մազութի և ջեռուցման վառելիքի համար: Նոր պահանջները չեն տարածվում նաև մեքենաների բաքերում արդեն իսկ առկա վառելիքի վրա։

Կառավարությունը կասեցրել է նաև Չինաստանից ղրղզա-չինական անցակետերով նավթի և նավթամթերքի ներմուծումն արգելող որոշման դրույթը մինչև 2027 թվականի ապրիլի 1-ը։

Ղրղզստանն իր վառելիքի ավելի քան 90%-ը ներմուծում է Ռուսաստանից: Հուլիսի սկզբին իշխանությունները վառելիքի մատակարարման վերաբերյալ բանակցություններ էին սկսել ոչ միայն Ռուսաստանի, այլև Ղազախստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի հետ: Ղրղզստանի Էկոնոմիկայի նախարարությունը ավելի վաղ վստահեցրել էր, որ երկիրը կուտակել է վառելիքի բավարար պաշարներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment