12 ժամ ուշացում, սպասում օդանավակայանում․ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթի ուղևորները՝ անորոշության մեջ

Հասարակություն

14.07.2026 | 12:15

«Աէրոֆլոտ» ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթը շուրջ 12 ժամով ուշացել է, ինչի հետևանքով տասնյակ ուղևորներ երկար ժամանակ սպասում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Համացանցում տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատերերից Նաիրա Բաղդասարյանը։

Տեսանյութում երևում է, որ ավիաընկերության աշխատակիցը քաղաքացիներին հայտնում է, որ հյուրանոց չկա և կոչ էր անում ուղևորներին այդ պահին սեփական միջոցներով տաքսի պատվիրել կամ սպասել մինչև թռիչքի նոր ժամի հայտարարումը։

Factor.am-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակից տեղեկացավ, որ «Աէրոֆլոտ»-ի Երևան-Մոսկվա չվերթը նախատեսվում է այսօր ժամը 13:45-ին։

Ուղևորներից մի մասն այս պահին շարունակում է մնալ օդանավակայանի սպասասրահում, իսկ մյուսները փորձում են պարզել տոմսի փոխանակման կամ գումարի հետվերադարձի հնարավորությունները։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից Factor.am-ին փոխանցեցին, որ ավիաընկերությունն է զբաղվում ուղևորների հարցերով, սակայն ընդգծեցին՝ ընկերությունն ունի պարտականություններ, որոնք պետք է կատարեր։

Այս պահին մեզ չհաջողվեց կապ հաստատել ավիաընկերության տեղական գրասենյակի հետ և հասկանալ, թե ինչու չեն կատարել իրենց պարտավորությունները։

Անի Թամրազյան

 

 

Leave a comment