Մեզ սպասում է նյարդային և շատ երկարատև հակամարտող տարածաշրջան․ Մենուա Սողոմոնյան

Հայաստանի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում երկրի գլխավոր խնդիրը հասարակական համախմբվածության բացակայությունն է, իսկ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ընդդիմադիր ուժերի լայն քաղաքական հարթակ ձևավորել։ Աբովյան Time-ի եթերում նման տեսակետ է հայտնել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման նախաձեռնող խմբի անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ նման համախմբվածության անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տարածաշրջանում ձևավորված նոր աշխարհաքաղաքական իրողություններով։

«2020 թվականից հետո Թուրքիան ռևիզիոնիստական քաղաքականությամբ շատ ակտիվ մտավ խաղի մեջ Հարավային Կովկասում, և հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ ցանկացած ուժային կենտրոն, եթե մեր տարածաշրջանում ինչ-որ բան ցանկանա անել, ստիպված է նրա հետ հաշվի նստել։ Այն երկիրը, որ ժամանակին ուներ գերակայություն մեր տարածաշրջանում և հիմա կիսում է դա, օրինակ, Թուրքիայի հետ, շատ անհասկանալի ու երկարատև հակամարտության փուլում է Եվրոպայի հետ»,-նշեց նա։

Բացի Ռուսաստանից, հարավային ուղղությունը՝ Իրանը, երկրորդ անգամ մտավ շատ վտանգավոր գործընթացի մեջ։
«Մենք տեսնում ենք, որ դեռևս մեզ սպասվում է նյարդային ու շատ երկարատև հակամարտող տարածաշրջան»,-նկատեց մեր զրուցակիցը։

Հայաստանի արձագանքը ստեղծված աշխարհաքաղաքական վիճակին բացառապես իրավիճակային զիջումների գնալն է՝ ժամանակ շահելու նպատակով։
«Ես չեմ ասում, որ ընդհանրապես հնարավոր է ոչ մի հարցում չզիջել։ Բայց եթե գոնե զիջումները զուգորդվեին, օրինակ, ներքին կազմակերպվածության բարձրացմամբ, բանակի շեշտակի արդիականացմամբ… Երբ հեռացնում ես նախկին ռազմավարական դաշնակցին, ստեղծվում է վակուում, որը դու չես լցնում նոր ուժով, այլ սպառնալիքներին պատասխանում ես զուտ նոր զիջումներով։ Իսկ ներսում շարունակվում է կործանարար խոսույթը»,- ընդգծում է Սողոմոնյանը։

Միջազգայնագետը հավելում է՝ կորուստները կարող են վերականգնվել, բայց երբ դրանք տեղի են ունենում ինքնության ու արժեքների մակարդակում, վերականգնելը շատ դժվար է լինելու։

Leave a comment