15-20% աճ՝ վարձակալության շուկայում. որոնք են ամենաէժան և ամենաթանկ վարչական շրջանները, երբ կլինի գների նվազում

15-20% աճ՝ վարձակալության շուկայում. որոնք են ամենաէժան և ամենաթանկ վարչական շրջանները, երբ կլինի գների նվազում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Երևանում վարձով տրվող բնակարանների գների 15-20 տոկոս աճ կա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ»,-Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Անշարժ գույքի գործակալության տնօրեն Գոռ Առաքելյանը:

Առաքելյանի խոսքով՝ նման պատկերի պատճառը մեծ պահանջարկն է. «Երևանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է: Մոտ 4 տարի կա պրակտիկա, որ մարդիկ իրենց բնակարանները թանկ գնով տալիս են վարձակալության և իրենք տեղափոխվում են օրինակ՝ ծայրամասում ապրելու, այս սեզոնն ավելի շատ սկսում են օգտագործել եկամտաբերության համար: Շուկան ինքն իրենով ինքնակարգավորվում է, արհեստական միջոցներով հնարավոր չէ ո՛չ գներն իջեցնել, ո՛չ բարձրացնել, կախված է պահանջարկից: Եթե կա նույն բնակարանը ցանկացող 20 հաճախորդ, բնականաբար սեփականատերն ընտրում է նրան, ով ավելի բարձր գին է առաջարկում: Զբոսաշրջիկները վարձակալում են բնակարանը կարճաժամկետ կտրվածքով, դրա արդյունքում առաջանում է դեֆիցիտ, դրա հաշվին էլ եղած բնակարանների գներն ավտոմատ բարձրանում են»:

Հարցին, թե որ վարչական շրջաններում կարելի է մատչելի գնով բնակարան գտնել՝ մեր զրուցակիցն ասաց. «Համեմատաբար ծայրամասերում են գներն ավելի մատչելի, եթե համեմատենք Շենգավիթն Արաբկիրի հետ, կարող է մինչև 30 տոկոս գնային տարբերություն լինի: Շենգավիթում 2-3 սենյականոց բնակարանը կարելի է վարձակալել մոտավորապես 250 հազար դրամով՝ կախված տեղադիրքից, եթե մետրոյին հարակից է՝ ավելի բարձր գնով, Ավանում էլ մի փոքր բարձր են գները, Նուբարաշենում համեմատաբար մատչելի է, բայց այնտեղ էլ պահանջարկ չկա: Ամենաբարձր գինը Կենտրոնում է, հետո՝ Արաբկիրում»,-ասաց նա և նշեց, որ առաջիկայում գների ավելի բարձրացում չի կանխատեսվում, հակառակը՝ մինչև տարեվերջ 15-20 տոկոս նվազում կլինի:

Գոռ Առաքելյանի կարծիքով՝ վարձակալության շուկայում ամենաբարձր գները եղել են 2022 թվականի գարնանը, ամռանն ու աշնանը. «Ռուս-ուկրաինական պատերազմից հետո վարձով տրվող տների գները կրկնակի բարձրացան, տուն կա եռակի էր բարձրացել, դրանից հետո մոտ 15-20 տոկոս նվազեց: 2024 թվականի նոյեմբերից սկսած կրկին կտրուկ բարձրացավ, իսկ 2025 թվականին գները խելամտության սահմանին հասան, այսինքն՝ եթե Կենտրոնում 2024 թվականին 2 սենյակն արժեր 1000-1500 դոլար, 2025 թվականին իջել էր 350-400 հազար դրամ, իսկ հիմա այդ նույն երկու սենյակը կարելի է վարձակալել մոտավորապես 450-600 հազար դրամով: Անշարժ գույքը ցանկացած երկրում ինդիկատորի դեր ունի, այսինքն՝ եթե անշարժ գույքի շուկայում իրավիճակը լավ է, նշանակում է երկրի վիճակն է լավ, եթե ինչ-որ բան երկրի հետ կատարվում է, առաջինն անշարժ գույքի վրա է ազդեցություն ունենում: Եթե անշարժ գույքի գները բարձրանում են, ուրեմն տնտեսության ու հետաքրքրության առումով երկիրն ավելի հեռանկար ունի, նույնը՝ հակառակը»:

 

Աննա Բզնունի

Leave a comment