Ձեզնից ոչինչ չենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում, որ հպարտ կարողանանք քայլել մեր հանրապետությունում. քաղաքացին՝ Փաշինյանին

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր վաղ առավոտից կոմբինատի կապարակնքված դռների առաջ բողոքի ցույց են սկսել։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանը և թույլ տալ աշխատել։

«Մի շաբաթ է՝ փակ է։ Տնօրենին մոտենում ենք, ոչ մի բան չի կարողանում ասել։ Չգիտենք՝ երբ կվերաբացվի, բայց այսպես չի կարող շարունակվել։ Թողեք աշխատենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի աշխատակիցներից մեկը։

«Ժողովուրդը ոչ մի բանում մեղավոր չէ։ Պետք չէ մուռը ժողովրդից հանել, պետք է ամեն ինչ ավելի քաղաքակիրթ անեն։ Բոլորը վարկերի տակ են, ո՞վ է մեր վարկերը փակելու»,- շարունակեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ ցուցարար ասաց, որ գործարանը փակելով՝ 1500 հոգու սոված են թողնում։

«8 տարի է` աշխատում եմ, մի օր չի եղել աշխատավարձի ուշացում։ Շատ շնորհակալ ենք, որ աշխատանք ունենք։ Վարկեր ունենք, հարկեր ունենք, ուսանող ունենք։ Ոնց ենք պահելու, կառավարությունը ոնց է մտածում։ Սա վիճա՞կ է, մենք ի՞նչ մեղք ունենք։ Բա պարտքերը ո՞նց ենք փակելու, ինքը մեր տեղը կփակի՞»։

Ցուցարարն ասաց, որ եթե այսպես երկար շարունակվի, փողոցներ են փակելու։ «Չի կարող երկար փակ մնալ»։

Շշալցման արտադրամասից մի աշխատակից էլ ասաց, որ Փաշինյանը միշտ ՀՀ քաղաքացիներին կոչում է հպարտ քաղաքացիներ. «Ձեզնից ոչինչ չենք ուզում, մեր աշխատանքն ենք ուզում, որ հպարտ կարողանանք քայլել մեր հանրապետությունում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment