ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը


ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը հուլիսի 10-ին մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպմանը։ Այդ մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը:


 


Ելույթում Հայաստանյան կողմից վերահաստատվել է մինչև 2030 թվականը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու նպատակին հանձնառությունը։ Ընդգծվել է ՄԻԱՎ-ի կանխարգելման, թեստավորման և բուժման ոլորտներում արձանագրված առաջընթացը։


 


Նշվել է, որ 2024 թվականից ՀՀ կառավարությունն ամբողջությամբ ապահովում է հակառետրովիրուսային դեղամիջոցների ֆինանսավորումը պետական միջոցների հաշվին, ինչը կարևոր նշանակություն ունի բուժման կայուն և հուսալի հասանելիության ապահովման հարցում։


 


Հավելվել է նաև, որ թեստավորման և առողջապահական ծառայությունների ծածկույթի ընդլայնումը նպաստել են հիվանդության ավելի վաղ ախտորոշմանը և դեպքերի հայտնաբերման բարելավմանը:


 


Ընդգծվել է նաև հավասարության, մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության վերացման ապահովման անհրաժեշտությունը որպես ՄԻԱՎ հակազդման արդյունավետ միջոց։


 

Դիտումների քանակ6

Leave a comment