Բաժանորդագրվել
Ամերիկացի ինժեներներն աշխատանքները կատարել են ՀՀ կառավարության գործընկերների հետ։
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Ամերիկացի ինժեներները Հայաստանում ուսումնասիրել են «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման տեղանքը։ Տեղեկությունը հրապարակվել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպանության էջում։
Հուլիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ցանկանում է, որ օր առաջ TRIPP–ը կյանքի կոչվի և կանխատեսում է, որ այս տարվա աշնանը կլինեն գործնական քայլեր։
«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM–ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP–ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով։ Այդ ամենը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը»,– ասված է դեսպանության հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։