Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ մինչ Թեհրանը սպառնում է իր ենթակառուցվածքների վրա հարձակումներին հակահարվածներով

Իրանը կպատասխանի իր ենթակառուցվածքների դեմ ուղղված ցանկացած հարձակման, այդ թվում՝ Իսրայելին հարվածելով: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն անվտանգության մարմնի ղեկավար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը՝ մինչ  Թեհրանն ու Վաշինգտոնը վերսկսել են մարտական ​​գործողությունները։

«Ենթակառուցվածքների դեմ ցանկացած հարձակում կենթարկվի հակահարվածի, այդ վայրագությունների համար պատասխանատու հանցավոր սիոնիստական ​​ռեժիմը չի լինի ապահովագրված մեր մարտիկների պատասխանից»,- ասել է Զոլղադրը պետական ​​հեռուստատեսությամբ հեռարձակված հայտարարության մեջ։

Այս շաբաթ ԱՄՆ-ի և Իրանի միջև մարտերը կրկին սրվեցին՝ հունիսի 17-ին երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո, որը նպատակ ուներ պաշտոնապես հաստատել ապրիլյան հրադադարը և առաջնորդել պատերազմը վերջնականապես ավարտելուն ուղղված բանակցությունները։

ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի և հինգշաբթի գիշերը ծանր հարվածներ են հասցրել՝ հայտարարելով, որ թիրախավորել են 90 ռազմական օբյեկտ։ Իսլամական Հանրապետությունը մեղադրել է Վաշինգտոնին նաև քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու մեջ՝ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը խաթարելու համար։

Իրանի տվյալներով՝ հարվածներ են հասցվել մայրաքաղաք Թեհրանի և Խամենեիի հայրենի Մաշհադի միջև կամուրջներին և երկաթուղային կապերին, որտեղ նա թաղվել է հուլիսի 9-ին։ Իրանական իշխանությունները հայտնում են, որ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ։

Իսրայելի վարչապետի գրասենյակը, իր հերթին, հայտարարել է, որ Բենյամին Նեթանյահուն հինգշաբթի զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը նրան տեղեկացրել է Պարսից ծոցում ամերիկյան վերջին քայլերի մասին։

Հինգշաբթի երեկոյան ավելի ուշ իրանական պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին Բուշերի մոտակայքում գտնվող ռազմական շտաբի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին, որտեղ գտնվում է Իրանի միակ քաղաքացիական միջուկային կայանը։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է վերսկսել Իրանի դեմ իր ռազմական արշավը՝ խոստանալով դա անել «ավելի մեծ ուժով»։

Մինչ այդ, CNN-ը հայտնում է, որ Կատարի բանակցողները մեկնել են Իրան՝ հանդիպելու տեղի պաշտոնյաների հետ՝ իրավիճակը թուլացնելու և ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Այցի մասին տեղյակ դիվանագիտական աղբյուր նշել է, որ այցը ծրագրվել է Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված։ Միջնորդները փորձում են կողմերին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment