Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո տարածաշրջանում ամերիկյան օբյեկտներին պատասխան հարվածների երկրորդ փուլի իրականացման մասին, հաղորդում է Press TV-ն:
Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ կորպուսի օդատիեզերական ուժերը հինգշաբթի՝ տեղական ժամանակով 14:20-ին, տասը բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Արևմտյան Ասիայում ԱՄՆ հրամանատարաշտաբային կենտրոնին և Հորդանանի «Ալ-Ազրակ» ավիաբազային, որն օգտագործում են ամերիկյան զինվորականները:
«Մեր նախորդ հայտարարության մեջ մենք զգուշացրել էինք, որ ագրեսիայի ցանկացած կրկնություն կհանգեցնի պատասխան գործողությունների ընդլայնմանը տարածաշրջանում թշնամու այլ բազաների վրա: Այս երկրորդ փուլում մենք կատարեցինք այդ խոստումը»,- ասված է ԻՀՊԿ հայտարարության մեջ:
Կորպուսում զգուշացրել են, որ ամերիկյան հարձակումների շարունակվելու դեպքում հարվածի տակ կհայտնվեն Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի այլ ռազմական օբյեկտներ ևս:
Նոր հրթիռային հարվածի մասին լուրը հաջորդել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև դիմակայության սրմանը: Ավելի վաղ Իրանը հայտարարել էր Բահրեյնում և Քուվեյթում ամերիկյան օբյեկտներին հասցված պատասխան հարվածների մասին։ ԻՀՊԿ տվյալներով՝ առաջին փուլի ընթացքում խոցվել են ԱՄՆ-ի 85 ռազմական թիրախներ, դրանց թվում՝ ԱՄՆ 5-րդ նավատորմի բազայի տարածքում գտնվող օբյեկտներ Բահրեյնում, «Արիֆջան» ճամբարը և «Ալի էս-Սալեմ» ավիաբազան Քուվեյթում:
Իրանական լրատվամիջոցները հայտնել էին նաև երկրի մի քանի շրջաններում, ներառյալ՝ Բանդար Աբասում, Քեշմ կղզում, Քոնարակում, Չաբահարում և Մահշեհրում որոտացած պայթյունների մասին: Ըստ Իրանի իշխանությունների հայտարարությունների՝ ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 14 զինծառայող և քաղաքացիական անձ, ևս 78 մարդ վիրավորվել է։
ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի խոցման մասին, որն, ըստ Կորպուսի հայտարարության, փորձում էր խոչընդոտել իրենց գործողություններին:
News.am