Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն քննարկել են համագործակցության հեռանկարները


Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեի հետ։


 


Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանը:


 


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ և շարունակական համագործակցությունը՝ վերահաստատելով համատեղ ծրագրերը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։


 


ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ առանձնահատուկ անդրադառնալով կրթական համակարգում արհեստական բանականության ինտեգրմանը։ Մասնավորապես՝ նա առանձնացրել է ավագ դպրոցներում ԱԲ սերունդ, STEP.AI կրթական ծրագրերը, ինչպես նաև «AI Generation» բազմաստիճան կրթական նախաձեռնությունը, որն ուղղված է ԱԲ ոլորտում մասնագետների պատրաստմանը՝ դպրոցից մինչև հետբուհական կրթություն։


 


 


Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նաև ԿԳՄՍ նախարարության և OpenAI միջազգային ընկերության համագործակցությունը, որի շրջանակում ChatGPT Edu գործիքը հասանելի կդառնա Հայաստանի կրթական համայնքին՝ առաջիկա սեպտեմբերից ապահովելով շուրջ 50 հազար բաժանորդագրություն ուսանողների, ուսուցիչների և հետազոտողների  համար։ Այս համատեքստում քննարկվել են նաև երկու երկրների միջև փորձի փոխանակման և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները։


 


Անդրադարձ է եղել  նաև ոչ ֆորմալ կրթական ծրագրերին՝ կարևորելով   Փարիզում գործող «Թումո» կենտրոնի մասնաճյուղի գործունեությունը, որտեղ ևս  մեծ ուշադրություն է դարձվում արհեստական բանականության ինտեգրմանը կրթական ծրագրերում։


 


Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն, ողջունելով ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությանը, բարձր է գնահատել Հայաստանի հետ կրթության ոլորտում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Նա կարևորել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցման զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոչ միայն լեզվի տարածմանը, այլև երկու երկրների միջև  բազմակողմ կապերի ամրապնդմանը։


 


 


Էդուարդ Ժեֆրեն ևս ներկայացրել է արհեստական բանականության ուղղությամբ Ֆրանսիայի կրթական համակարգում իրականացվող նախաձեռնությունները՝ նշելով, որ ԱԲ գրագիտությունը դպրոցական ծրագրերում ներառված է որպես առանձին ուսումնական բաղադրիչ։


 


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև նախադպրոցական կրթության ոլորտում փորձի փոխանակմանը, քննարկվել է դաստիարակների մասնագիտական վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը։


 


Նշելով, որ  որ 2019 թվականից նախադպրոցական կրթությունը Ֆրանսիայում դարձել է պարտադիր և անվճար՝ Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը ներկայացրել է ոլորտի հիմնական առանձնահատկությունները։


Հայաստանի և Ֆրանսիայի  նախարարները քննարկել են նաև երեխաների կողմից սոցիալական ցանցերի չափազանց ակտիվ օգտագործման խնդիրը՝ ընդգծելով, որ մշակվում են համապատասխան քայլեր և կարգավորումներ՝ դպրոցականների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու և վերահսկելու ուղղությամբ՝ այդ կերպ ապահովելով նրանց համար անվտանգ թվային միջավայր։ 


 


Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ձևավորել երկու նախարարությունների միջև առավել համակարգված և երկարաժամկետ համագործակցության օրակարգ՝ ակտիվացնելով  փորձի փոխանակման և ծանոթության երկկողմ այցերը։


 


Կողմերը վերահաստատել են կրթության ոլորտում համագործակցության հետագա խորացման պատրաստակամությունը։

Դիտումների քանակ5

Leave a comment