Սահմանադրական դատարանի որոշման ամենախոցելի հատվածն այն է, որ դատարանը փաստացի ընտրական անորոշության բեռը դրել է դիմողի վրա. «Փաստ»

Սահմանադրական դատարանի որոշման ամենախոցելի հատվածը, իմ գնահատմամբ, այն է, որ դատարանը փաստացի ընտրական անորոշության բեռը դրել է դիմողի վրա։ Դատարանը նշել է, որ հնարավոր չէ հաստատել, թե անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ձայների բաշխումն ինչպիսին կլիներ, և, հետևաբար, հնարավոր չէ եզրակացնել, որ ընտրությունների վերջնական արդյունքները կփոխվեին։ Սակայն այստեղ առաջանում է հիմնարար իրավական հարց. ինչպե՞ս կարող էր դիմողն ապացուցել այն փաստը, որի ապացուցման հնարավորությունը վերացվել էր հենց պետական մարմինների գործողությունների հետևանքով։ Եթե պաշտոնապես արձանագրվել է, որ տվյալ ընտրատեղամասերում իրական արդյունքը հնարավոր չէ վերականգնել, ապա որևէ քաղաքական ուժ, թեկնածու կամ ընտրող այլևս օբյեկտիվ հնարավորություն չունի ապացուցելու, թե իրականում ինչ արդյունք կարձանագրվեր։ Այդպիսի իրավիճակում ապացուցման բեռը ամբողջությամբ դիմողի վրա դնելը դժվար է համատեղել արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության սկզբունքների հետ։

Այս մոտեցումը կարևոր է նաև միջազգային իրավունքի տեսանկյունից։ Եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում է պետություններին ապահովել այնպիսի ընտրություններ, որոնք երաշխավորում են ժողովրդի ազատ կամարտահայտությունը օրենսդիր մարմնի ընտրության ժամանակ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են ոչ միայն կազմակերպել ընտրություններ, այլև ապահովել ընտրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Թեև պետություններն ունեն որոշակի հայեցողություն ընտրական համակարգի կառուցման հարցում, այդ հայեցողությունը չի կարող հանգեցնել նրան, որ ընտրողի ձայնի իրական ազդեցությունը դառնա անպաշտպան կամ զրկվի արդյունավետ վերականգնման հնարավորությունից։

Նույն գաղափարն է արտահայտված նաև Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումներում։ Այն պահանջում է, որ ընտրական խախտումների դեպքում առկա լինեն արդյունավետ իրավական պաշտպանության միջոցներ, իսկ այն դեպքերում, երբ խախտումը կարող էր ազդել ընտրությունների արդյունքների վրա, համապատասխան մարմինները պարտավոր են կիրառել այնպիսի միջոցներ, որոնք կվերականգնեն ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը։ Նույն մոտեցումն արտահայտված է նաև միջազգային այլ ընտրական չափանիշներում, որոնց համաձայն՝ արդյունավետ բողոքարկման մեխանիզմը ժողովրդավարական ընտրությունների անբաժանելի տարրն է։

Միջազգային չափանիշները չեն պարտադրում յուրաքանչյուր խախտման դեպքում անպայման անվավեր ճանաչել ամբողջ ընտրությունները։ Սակայն դրանք պահանջում են մեկ այլ, շատ կարևոր պայման. երբ առկա է հիմնավոր հավանականություն, որ խախտումը կարող էր ազդել մանդատների բաշխման վրա, դատարանը պետք է ներկայացնի հատկապես խիստ, համոզիչ և ստուգելի հիմնավորում այն մասին, թե ինչու է այդ ազդեցությունը բացակայում։ Այս գործով նման հիմնավորման անհրաժեշտությունն առավել մեծ էր, քանի որ խոսքը վերաբերում էր ոչ թե հազարավոր կամ տասնյակ հազարավոր ձայների տարբերությանը, այլ համեմատաբար փոքր թվային տարբերությանը, որը, ըստ դիմողի, կարող էր վճռորոշ լինել անցողիկ շեմի հաղթահարման համար։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Տնտեսագիտության դոկտոր

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment