Մարդասպանը չէր սպասում, որ հակահարված կստանա․ Կոցը պատմել է գեներալ Ալեքսեևի վիճակի մասին

Բաժանորդագրվել

Ալեքսեևն անմիջապես կողմնորոշվել է` զգալով, որ ուզում են հարձակվել իր վրա։ Նա շատ արագ մոտեցել է, և հարձակվողը չի հասցրել ատրճանակով կրակել նրա գլխին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի – Sputnik. Գեներալ Վլադիմիր Ալեքսեևի գիտակցությունը տեղն է, չնայած ստացած ծանր վիրավորումներին։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը։

«Գեներալ Ալեքսեևը խոսում է, չնայած որ վնասվածքները ծանր են: Երկու փամփուշտ վնասել է որովայնը, մեկը՝ ոտքը: Կրծքավանդակի շրջանում վնասվածք չի ստացել, չնայած լուրերին։ Բայց ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Մարդասպանը ակնհայտորեն պատրաստ չէր հակահարվածի», – գրել է ռազմական թղթակիցը:

Կոցը շեշտել է, որ ՌԴ Ռյազանի օդադեսանտային դպրոցի շրջանավարտ Ալեքսեևը շենք մտնելուն պես հասկացել է, որ իր վրա փորձում են հարձակվել: Նա անմիջապես մոտեցել է, և հարձակվողը ժամանակ չի ունեցել բարձրացնելու ձեռքը և կրակելու նրա գլխին: Ալեքսեևը, ամենայն հավանականությամբ, բռնել է հրաձիգի ձեռքը (ոտքի վերքը դա է հուշում) և նույնիսկ կարողացել է հարվածել հրաձիգին: Այդ պահին արագ կողմնորոշվելու ունակությունն ու հասցրած հակահարվածը փրկել են գեներալի կյանքը։

Ավելին, Ալեքսեևի կինը հենց այդ պահին ճնշող լարան է դրել նրա ոտքին և ձեռքի տակ եղած միջոցներով վիրակապել վերքերը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ Քննչական կոմիտեն, փետրվարի 6-ին անհայտ անձը Մոսկվայի Վոլոկոլամսկոյե մայրուղու վրա գտնվող շենքի մուտքում մի քանի անգամ կրակել է գեներալի թիկունքին և հանցանքի վայրից փախուստի է դիմել: Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով: Ալեքսեևին տեղափոխել են հիվանդանոց, ավելի ուշ նա գիտակցության է եկել:

Վլադիմիր Ալեքսեևը 2011 թվականից զբաղեցնում է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձ կատարողները բացահայտվել են. ԱԴԾ

Leave a comment