Հանգուցյալ Սեյեդ Ալի Խամենեին Հայաստանը համարում էր «Իրանի ազնիվ հարևան»․ դեսպան Խալիլ Շիրղոլամի

«Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբ։ Նա Հայաստանը համարում էր Իրանի ազնիվ հարևան։ Նա նաև յուրահատուկ հարգանք ուներ Իրանում ապրող հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ»,- այսօր կայացած ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ղեկավարությանը՝ ամենաբարձր մակարդակով Խամենեի հուղարկավորությանը մասնակցելու համար և հույս հայտնեց, որ Սեյեդ Ալի Խամենեի գաղափարներն ու տեսակետները հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին, որպես ճրագ, միշտ կլինեն ուղեկցող։

Դեսպանի բնութագրմամբ՝ Սեյեդ Ալի Խամենեին պարզապես անուն կամ քաղաքական գործիչ չէր։ Նա Իրանի ազգային իղձերի և գաղափարների խորհրդանիշն էր՝ ունենալու անկախ, ազատ և օտար միջամտությունից զերծ Իրան։

Իր գնահատմամբ՝ Իրանի թշնամիները ֆիզիկապես են նրան սպանել, բայց նրանք չգիտեն, որ հերոսապատումները չեն մահանում։ Սեյեդ Ալի Խամենեի գաղափարները, որոնց համար նա պայքարել է, վերածնվեցին իրանական հասարակության մեջ. դա եղավ նրա պատվաբեր մահվան և ընտանիքի նահատակության գնով։

Դեսպանը պատկերավոր ասաց՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդին սպանելով՝ նրանք կոտրեցին օծանելիքի սրվակը, և դրա անուշ բույրը տարածվեց։ Իսկ հուղարկավորության արարողության հիմնական խորհուրդն էր՝ պետք է վեր հառնել։ Դա է բնութագրում նաև Խամենեի վեր բարձրացած բռունցքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment