«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը
Ադրբեջանական քարոզչական թեզերի կենսագործման գործընթացում առանցքային դերակատարում ունի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) համակարգված ակտիվացումը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում ՀԿ-ների պետական աջակցության գործակալությունը նկատելիորեն ավելացրել է «Արևմտյան Ադրբեջան» թեմատիկայով նախագծերի ֆինանսավորումը. եթե 2024թ. հաստատվել էր 24 նախագիծ, ապա 2025թ.-ին այդ թիվը հասել է ռեկորդային 51-ի։
2023-2025թթ. ընթացքում այս ծրագրերի շրջանակներում իրականացվել են շուրջ հինգ տասնյակ միջոցառումներ (գիտաժողովներ, լսումներ, ցուցահանդեսներ), հրատարակվել է 25 գիրք և պատրաստվել են տասնյակ տեսալսողական նյութեր, այդ թվում՝ վավերագրական ֆիլմեր ու հոլովակներ։ Սա վկայում է պետական և հասարակական հատվածների համակարգված գործունեության մասին, որտեղ պետական պատվերն իրացվում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջոցով։
Զուգահեռաբար, տեղեկատվական դաշտում դիտվում է մեդիա-արտադրանքի նպատակային աճ։ Մասնավորապես, «Baku TV» և «CBC TV» հեռուստաալիքների կողմից իրականացվող նախագծերը, ինչպիսիք են «Արևմտյան Ադրբեջանի տարեգրությունը » կամ Հայաստանի տարածքում «ադրբեջանական մշակութային ժառանգության» վերաբերյալ ֆիլմերը , փաստում են, որ քարոզչությունը միայն արտաքին լսարանին ուղղված չէ։ Այն ծառայում է ներքին օրակարգի մշտական սնուցմանը՝ հանրային գիտակցության մեջ թեզն արդիական պահելու համար։
Նարատիվի հոգեբանական կողմը հիմնված է «ազգային նպատակի» և «պատմական արդարության» վերականգնման գաղափարների վրա։ «Վերադարձի» գաղափարը ներկայացվում է որպես մարդկային հիշողության և հայրենի հողի հետ կապի բնական դրսևորում։ Այսպիսով, ձևավորվում է ներքին մոբիլիզացիայի ամբողջական համակարգ, որտեղ պատմական հիշողության վերակառուցումը զուգորդվում է ապագա վերադարձի տրամաբանական հիմնավորմամբ։
Շարունակելի…
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: