Ղազախստանի նոր Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ին, թույլ է տալիս մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ նախկին Սահմանադրության համաձայն ընտրված նախագահին, կրկին առաջադրվել և ընտրվել համապատասխան պաշտոններում։
Այդ մասին ասվում է Սահմանադրական դատարանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է նախագահի դիմումի քննարկումից հետո։
«Նախագահի դիմումի քննարկման արդյունքում Սահմանադրական դատարանը տվել է պաշտոնական մեկնաբանություն, ըստ որի՝ 2026 թվականի Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին կետը, 72-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերը, 83-րդ հոդվածի 1-ին կետը և 84-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվեն այնպես, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն նշված պաշտոնները զբաղեցրած անձինք կարող են ընտրվել կամ նշանակվել նույն պաշտոններում նաև 2026 թվականի Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։
Նոր Սահմանադրության 43-րդ հոդվածի 1-ին կետը կարգավորում է նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Դրանում նշվում է, որ «նույն անձը չի կարող ընտրվել Ղազախստանի Հանրապետության նախագահ մեկից ավելի անգամ՝ համաձայն Սահմանադրության»։ Նույն ձևակերպումը ներառված էր նաև նախորդ Սահմանադրության վերջին խմբագրության մեջ։