Կլինի հանրահավաք և փողոցային պայքար. Սաղաթելյանը` ընդդիմության հետ նույն օրակարգի մասին

Բաժանորդագրվել

Իշխան Սաղաթելյանի խոսքով` բոլոր նրանք, ովքեր չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը, հետապնդվելու են ՀՀ իշխանությունների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցություններ և՛ հանրահավաքներ են անցկացնելու, և՛ փողոցային պայքարի են դուրս գալու` համախմբվելով նույն օրակարգի շուրջ։ Այս հայտարարությունն արեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։

Նա անդրադարձավ ընդդիմադիր դաշտի մի շարք կուսակցությունների հայտարարությանը, որը վերաբերում է կարևոր օրակարգային հարցերի շուրջ համախոհությանը։

«Այդ օրակարգի հարցերը պետք է բացվեն, սպասարկվեն, ու դրա շուրջ պետք է ձևավորվի ճանապարհային քարտեզ։ Բնականաբար և՛ հանրահավաքներ են լինելու, և՛ փողոցային պայքար։ Այստեղ խնդիրն այն է, թե երբ, ինչ կառուցվածքով ու ինչ ուժերով է լինելու»,– նշեց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ ազգային մտածողություն ունեցող մարդիկ ՀՀ–ում հետապնդվելու են, քանի որ չեն սպասարկում թուրք–ադրբեջանական օրակարգը։ Քաղաքական գործչի խոսքով` նույնիսկ այն գործարարները, որոնք չեն զբաղվում քաղաքականությամբ ու հաշտ չեն լինի թրքացման պրոցեսի հետ, նրանք էլ են հետապնդվելու։

Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։

Leave a comment