«Հրապարակի» զրուցակիցը «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության առաջնորդ, «Միասնության թեւեր»-ի չորրորդ համարը զբաղեցրած Շահեն Հարությունյանն է:
– Հիմա էլ կարող է ընդդիմությունն իշխանությանը հեռացնելու օրակարգի շուրջ համախմբվել, ի դեպ՝ ասում եք, որ նախընտրական շրջանում համախմբման կոչեր չեն եղել, բայց տեղեկություններ կան, որ Արման Թաթոյանին առաջարկվել է միանալ ընդդիմադիր ամենամեծ ուժերից մեկին, սակայն Թաթոյանը մերժել է:
– Այդ նույն տրամաբանությամբ լիքը ուժերի էլ մենք ենք առաջարկել, սակայն մեզ չեն միացել: Բայց, օրինակ, մեր ուժը միացել է Արման Թաթոյանի ուժին: Ո՞վ է ասում, որ ընտրություններին միայն պետք է ՔՊ-ն լիներ եւ ՔՊ-ի սատելիտ ուժ, ու վե՞րջ, էլ չլինե՞ր որեւէ այլ ուժ:
– Բայց Դուք էիք նոր համախմբվելուց խոսում:
– Բայց եկեք նայենք` այն ուժերը, ովքեր գաղափարապես իրարից ոչնչով չեն տարբերվում, կազմեցի՞ն մի ճակատ: Գագիկ Ծառուկյան, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան:
– Այդ դեպքում ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք` ընդդիմությունը նախընտրական փուլում պետք է համախմբվեր:
– Գաղափարների, արժեքների եւ սկզբունքների վրա պետք է լիներ համախմբվածությունը եւ, որ ամենակարեւորն է` ճիշտ նպատակների ու ազնիվ նպատակադրումների համար: Մարդիկ պետք է ասեին, թե որն է իրենց նպատակը, ճանապարհային քարտեզը: Այո, մենք արտախորհրդարանական ուժ ենք, եւ խորհրդարանական ուժերի ձեռքերում է, թե տվյալ փուլում քաղաքական կյանքը որքան ակտիվ կլինի: Նրանք պետք է հասարակությանը ներկայացնեն, թե ինչ ճանապարհ են տեսնում: Հետո նոր դրանից հետո մեզ նման համեստ ուժերը կորոշեն իրենց անելիքները: Ժողովուրդն իր քվեով այսպիսի պառլամենտ է ձեւավորել, պետք է հաշվի նստենք այս ընտրության հետ եւ սպասենք պառլամենտական ընդդիմության գործողություններին:
– Բայց արդյո՞ք սա ժողովրդի ընտրությունն է: Բոլորիս աչքի առաջ ԲՀԿ-ի 60 հազար քվեն ապօրինաբար անվավեր ճանաչեցին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երկու-երեք մանդատ ավել ունենա: Արդյո՞ք նման տեսանելի կեղծիքից հետո կարելի է պնդել, որ սա ժողովրդի ընտրությունն է: Սա դեռ միայն մեկ օրինակ է այն ընտրախախտումների, որոնց ականատեսն ենք բոլորս:
– Այո, բայց մենք ստացել ենք մոտավորապես 34 հազար քվե, մենք մեր ամեն մի քվեի համար կռիվ ենք տվել եւ տալիս ենք ու կտանք, բայց մեր 34 հազարը չի դառնալու 60 հազար, եւ մենք չենք անցնելու խորհրդարան: Այժմ եթե խորհրդարան անցած ուժերը կռիվ չեն տալիս իրենց քվեների համար, մենք նրանց փոխարեն միտի՞նգ անենք: Ի՞նչ անենք իրենց փոխարեն, որ լավ լինի: Պառլամենտ անցած ուժերն իրենք պետք է օրակարգ թելադրեն: Ես ԲՀԿ-ին համարում եմ պառլամենտ անցած ուժ, որին զրկեցին իր ձայներից` անարդար կերպով: Մյուս երկու ընդդիմադիր ֆրակցիաները, այդ թվում` ԲՀԿ-ն, պետք է ասեն, թե ինչ պետք է անել այս փուլում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: