«Մեղադրանքը լրիվ սարքած է, փուչիկ է»․ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը կմեկնարկի ժամը 9-ին

«Մեղադրանքը լրիվ սարքած է, փուչիկ է, սուտ, որեւէ բան չկա։ Հակառակը, կա մարդ, որը թուղթը գրել է, դեսպանները ներկա են եղել, բոլորը սարքած փուչիկ է։ 100 տոկոս դա պիտի ապացուցվի, ամեն ինչ պարզ կլինի»,- կեսգիշերն անց հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երբ նրան ՀՀ քննչական կոմիտեի շենքից ձեռնաշղթաներով տանում էին դատարան։

Հիշեցնենք, որ ըստ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության, «տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերեւույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում»։ Մասնավորապես, Գ.Ծ.-ի կազմակերպմամբ եւ կառավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առեւտրային կապերը զարգացնելու նպատակով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաեւ համատեղ իրավաբանական անձինք։

Քննչական կոմիտեի շենքի առաջ գտնվող Գագիկ Ծառուկյանի աջակիցները նրան ճանապարհեցին ծափահարություններով ու «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով։

Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։

Նախօրեին՝ հուլիսի 6-ին, 12 ժամից ավել իրավապահ եւ ուժային կառույցները խուզարկել են Ծառուկյանի առանձնատունն ու «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ընկերությունները։ «Կապարակնքվել են շուրջ մեկ տասնյակ ընկերություններ։ Դրանք դադարեցրել են գործունեությունը, եւ շուրջ 7000 աշխատակիցներ այսօրվանից սկսած հարկադիր պարապուրդի են մատնված»,-լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment