ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը մինչև 2040-ը կարող է նվազել 14 միլիոնից պակաս

Ծնելիության անկումը, սպառողների վարքագծի փոփոխությունը, ավտոմեքենաների բարձր գները և այլընտրանքային փոխադրամիջոցների աճող հասանելիությունը կարող են հանգեցնել նրան, որ մինչև 2040 թվականը ԱՄՆ-ում նոր ավտոմեքենաների վաճառքը կնվազի ավելի քան 2 միլիոնով՝ իջնելով 14 միլիոնից ցածր։ Նման կանխատեսում է ներկայացրել Bain & Co. խորհրդատվական ընկերությունը, հաղորդում է CNBC-ն։

2025 թվականին ԱՄՆ-ում վաճառվել է 16.3 միլիոն մարդատար ավտոմեքենա։ Տասը տարի առաջ գրանցվել էր ռեկորդային 17.6 միլիոն ցուցանիշը։

Bain & Co.-ի գործընկեր Մարկ Գոթֆրեդսոնի խոսքով՝ ավտոմոբիլային արդյունաբերությունը պատմականորեն հիմնվել է տարեկան մոտ 1% վաճառքի աճի վրա, որը համընկնում էր բնակչության թվի աճին։ Սակայն այժմ աշխարհի բազմաթիվ երկրներում պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ բնակչության աճը դանդաղում է, իսկ որոշ երկրներում արդեն արձանագրվում է բնակչության կրճատում։

«Ամեն ինչ սկսվում է բնակչության թվի նվազումից։ Դուք այլևս աճող ճյուղ չեք։ Դուք դառնում եք նվազող ճյուղ, այն դեպքում, երբ տեխնոլոգիաները փոխում են ամեն ինչ», – նշել է նա։

Գոթֆրեդսոնը նաև ուշադրություն է հրավիրել ամերիկացիների վարքագծի փոփոխությանը։ Ներկայումս 16 տարեկանների կեսը վարորդական իրավունք չունի, մինչդեռ 1966-1984 թվականներին այդ տարիքում ավտոմեքենա էր վարում երիտասարդների գրեթե 70%-ը։

S&P Global Mobility-ի տվյալներով՝ 18-34 տարեկանների բաժինը նոր ավտոմեքենաների գրանցումների մեջ 2025 թվականի կեսերին նվազել է 10%-ից ցածր, մինչդեռ 2021 թվականի առաջին եռամսյակում այն կազմում էր 12%։

Միևնույն ժամանակ 55 և ավելի բարձր տարիքի գնորդներին բաժին է ընկնում նոր մեքենաների գրանցումների գրեթե կեսը, և այս տարիքային խումբն արդեն ութ եռամսյակ անընդմեջ պահպանում է ամենամեծ մասնաբաժինը։

AutoForecast Solutions հետազոտական ընկերությունը կանխատեսում է, որ մինչև 2033 թվականը ԱՄՆ-ում նոր ավտոմեքենաների վաճառքը կմնա համեմատաբար կայուն՝ տարեկան մոտ 16 միլիոն մեքենայի մակարդակում։

«Եթե նայենք ապագային, երիտասարդներն ավելի հավանական է, որ անհրաժեշտության դեպքում օգտվեն Uber-ից կամ Lyft-ից», – կարծում է AutoForecast Solutions-ի գլոբալ կանխատեսումների գծով փոխնախագահ Սեմ Ֆիորանին։

«Մենք դեռ տեսնում ենք երիտասարդների, որոնք սիրում են վարել և ցանկանում են ունենալ նոր ավտոմեքենա, սակայն նրանցից քչերը կարող են դա իրենց թույլ տալ», – հավելել է նա։

Bain & Co.-ի գնահատմամբ՝ եթե առաջիկա 15 տարիների ընթացքում ռոբոտաքսիները դառնան լայնորեն հասանելի և մատչելի փոխադրամիջոց, ապա վարորդական իրավունք ունեցողների մասնաբաժինը կարող է նվազել ևս 2-3 տոկոսային կետով՝ հասնելով մոտ 85%-ի։

Միաժամանակ մեկ վարորդին բաժին ընկնող ավտոմեքենաների միջին թիվը կարող է նվազել 1.2-ից մինչև 1.1, ինչը համարժեք կլինի նրան, որ ամերիկյան տնային տնտեսությունների 10-20%-ը կհրաժարվի իր ավտոմեքենաներից մեկից։

Հետաքրքիր է, որ ավելի վաղ Մարկ Գոթֆրեդսոնը կանխատեսում էր, թե ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը 14 միլիոնից կիջնի արդեն 2030 թվականին։ Սակայն այժմ նա այդ կանխատեսումը տեղափոխել է ավելի ուշ ժամկետի՝ նշելով, որ ինքնավար մեքենաների լայն տարածումը տեղի է ունենում սպասվածից ավելի դանդաղ։

Leave a comment