Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ իր առաջադեմ F-35 կործանիչները չվաճառել Թուրքիային՝ պնդելով, որ դա կխախտի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
«Ես չեմ կարծում, որ նրանց պետք է տրամադրվեն F-35-ներ կամ կործանիչների շարժիչներ, քանի որ դա կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, որը, վերջին հաշվով, երաշխավորված է Իսրայելի օդային գերազանցությամբ և, կարծում եմ, նաև Ամերիկայի դիրքորոշմամբ Մերձավոր Արևելքում»,- ասել է Նեթանյահուն Fox News-ի «Fox&Friends» հաղորդման ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որին Նեթանյահուն համարում է իր մտերիմ դաշնակիցը, պատրաստվում է մեկնել Անկարա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար։
Անցյալ ամիս Թրամփն ակնարկել էր, որ կարող է քայլեր ձեռնարկել, որոնք կուրախացնեն Էրդողանին, երբ նրան հարցրել էին՝ արդյո՞ք Թուրքիայի համար կարող է վերականգնվել F-35 կործանիչների հասանելիությունը։
«Ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի»,- լրագրողներին ասել էր Թրամփը։
F-35-ը՝ Lockheed Martin-ի կողմից արտադրված կործանիչը, մշակվել է Միացյալ Նահանգների կողմից գործընկեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ՝ Joint Strike Fighter ծրագրի շրջանակում։
ՎաշինգտոննԱնկարային հեռացրել է ծրագրից 2019 թվականին, այն բանից հետո, երբ Թուրքիան գնեց Ռուսաստանի C-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ նշելով, որ ռուսական համակարգը կարող է վտանգել ինքնաթիռի անվտանգությունը։
Թրամփը չի նշել՝ արդյո՞ք կաջակցի Թուրքիայի վերադարձին ծրագիր, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ավելի ուշ ասել է, որ Թուրքիային F-35-ների ցանկացած վաճառք կպահանջի Կոնգրեսի հաստատումը։
«Դա իրականում Կոնգրեսի գործն է, և մենք պետք է համոզվենք, որ Թուրքիան համապատասխանում է ամերիկյան օրենքներին, որպեսզի կարողանա ստանալ F-35-ը»,- հայտարարել է Վենսը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի