Փետրվարի 7-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Գրիշա (Յուրի) Լևոնի Հայրապետյանը։
Ծնվել է 1941 թ․ փետրվարի 9-ին Կավարտ գյուղում։
Հայրենի Կավարտում նախնական կրթություն ստանալուց հետո մեկնել է քաղաքամայր Երևան և ուսանել էներգետիկական տեխնիկումում։
Ավարտելուց հետո գործուղվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ՝ ճոպանուղու արտադրամաս, աշխատել հերթափոխի էլեկտրամոնտյոր։
1961-64 թթ․ խորհրդային բանակում ծառայելուց հետո վերադարձել ու ամբողջովին նվիրվել է նախընտրած մասնագիտությանը։
1964 թ․ անդամագրվել է Զանգեզուրի էլցանցի աշխատավորական համույթին։
Աշխատանքին զուգընթաց՝ 1964-70 թթ․, սովորել և ավարտել է Մոսկվայի լեռնային ինստիտուտի «Լեռնային աշխատանքների էլեկտրաֆիկացում և ավտոմատացում» բաժինը։
Զանգեզուրի էլցանցի ղեկավարությունը շուտով նրան է վստահել կազմակերպության ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի ծառայության պետի պաշտոնը։
1975 թ․ նշանակվել է Զանգեզուրի էլցանցերի գլխավոր ճարտարագետ։
1992 թ․ դեկտեմբերից Գրիշա Հայրապետյանն արդեն գլխավորում է Զանգեզուրի էլցանցերը։
1997 թվականից ղեկավարում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Զանգեզուր» մասնաճյուղը՝ պատասխանատու այդ պաշտոնը վարելով մինչև 2017 թ․։
Տարիներ շարունակ գլխավորելով մեր երկրամասի էներգետիկ համակարգը՝ հմտությամբ և արդյունավետորեն ուղղորդել է Սյունիքի էկոնոմիկայի յուրահատուկ այդ ոլորտը։
Մեծ է Գրիշա Հայրապետյանի ներդրումը Սյունիքում նոր բարձրավոլտ գծերի, ենթակայանների կառուցման, եղած ենթակայանների հզորության ավելացման գործում։
Անձամբ է ղեկավարել Շինուհայրի, Քաջարանի, Կապանի, Ագարակի, Սիսիանի և Գորիսի հզոր ենթակայանների վերակառուցման և ընդլայնման աշխատանքները։
Անուրանալի ծառայություն է մատուցել կառավարման նոր մեթոդների ու նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում։
Նրա ակտիվ դերակատարությամբ է Հայաստանի էլետրահամակարգը սկսել զուգահեռ աշխատել Իրանի Իսլամական Հանրապետության էներգահամակարգի հետ։ Դա 2002 թվականին էր, երբ շահագործման հանձնվեց «Ագարակ» փոխանջատիչ կետը, որն էլ կապվեց Շինուհայրի ենթակայանի հետ, ինչի շնորհիվ էլ՝ բարեկամ երկու երկրի միջև կատարվեց էլէներգիայի փոխանակում, որը շարունակվում է մինչև հիմա։
Այդ բոլորով հանդերձ, ինչպես ինքն էր խոստովանում, իր աշխատանքային գործունեության ամենադժվարին փուլն Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին։
Զանգեզուրի էլցանցի ղեկավարումը ստանձնեց Արցախյան պատերազմի ամենաթեժ շրջանում։ Պարբերաբար հրետակոծություններից տուժում էին նաև ենթակայանները, տրանսֆորմատորները, էլեկտրագծերը։ Եվ անհրաժեշտ էր լինում դրանք վերականգնել՝ շրջանցելով բազմաթիվ ռիսկեր։
Ժամանակակիցներն ուշագրավ փաստ են հիշեցնում՝ պատերազմական օրերին առանց էլեկտրամատակարարման չի մնացել ոչ մի առաջին կարգի սպառող՝ հիվանդանոց, հացի գործարան․․․
Միայն մի դրվագ այդ օրերից․ շրջափակման մեջ էին հայտնվել Շիկահողի ենթաշրջանի գյուղերը։ Նրա ղեկավարությամբ և կապանցի էներգետիկների ջանքերի շնորհիվ՝ կարճ ժամանակամիջոցում, կառուցվեց 6 կմ երկարությամբ շրջանցիկ էլեկտրագիծ՝ ենթաշրջանի գյուղերի անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու համար։
Վճռորոշ այդ օրերին նաև հնարավորություն էր փնտրում էներգիա մատակարարել Կապանի լեռնահարստացման կոմբինատին, որպեսզի շատ թե քիչ համաչափ բաբախի քաղաքի ամենախոշոր ձեռնարկության զարկերակը։
Գրիշա Հայրապետյան բազմավաստակ ու նորարար էներգետիկը միշտ էլ մտահոգված է եղել ոլորտի համար բարձրորակ կադրերի պատրաստման խնդրով։ Եվ սիրով էր իր հարուստ փորձին ու գիտելիքներին հաղորդակից դարձնում երիտասարդ սերնդին։
Այսօր էլ էներգետիկայի ոլորտում (և ոչ միայն Կապանում) կան բազմաթիվ շնորհալի մասնագետներ, ովքեր արդարացիորեն իրենց վարպետ–դաստիարակն են համարում Գրիշա Հայրապետյանին։
Տասնամյակներ շարունակ, կարելի է ասել, նա յուրօրինակ կապող օղակ էր երիտասարդ սերնդի ու տարածաշրջանի էներգետիկ համակարգի երախտավորների միջև։ Իսկ վերջիններիս հանդեպ քանիցս իր ակնածանքն էր արտահայտում՝ Օնիկ Դավթյան, Հրաչ Դավթյան, Վարդան Կարախանյան, Սաշիկ Հայրապետյան, Միշա Խաչատրյան, Վովա Քարամյան…
Ուշագրավ են Գրիշա Հայրապետյանի մարդկային հատկանիշների մասին բնութագրումները, որոնք մեր տրամադրության տակ են, որոնց հեղինակները ոչ միայն կապանցիներ են, այլև Մեղրու, Քաջարանի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանի ճանաչված դեմքեր, հանրապետության էներգետիկ ոլորտի տարբեր տարիների ղեկավարներ։
Այդ բնութագրումներից մի քանիսը պատշաճ ենք համարում հիշել․․․
Համեստ, բարի, գործիմաց, բարձր ինտելեկտի տեր անձնավորություն։
Աշխատող մարդու հարգն իմացող, գնահատող ղեկավար։
Ոլորտի բարձրորակ մասնագետ, հմուտ ղեկավար, արտադրության փորձառու կազմակերպիչ։
Ազնվության, ընկերասիրության օրինակ․․․
Այդ ամենի շնորհիվ էր, որ վայելում էր իր գլխավորած կոլեկտիվների, ինչպես և Կապանի բնակիչների, նաև հանրապետության էներգետիկ ոլորտի ավագ սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների անկեղծ սերն ու ակնածանքը։
Գրիշա Հայրապետյանի անբասիր ու հայրենանվեր աշխատանքը քանիցս արժանացել է գնահատանքի, այդ թվում՝ կառավարական ու գերատեսչական պարգևների։
Այդ առումով առավել հիշարժան է 2003 թ․ դեկտեմբերին ԱՊՀ երկրների էներգետիկայի խորհրդի որոշումը, որի համաձայն նա արժանացավ «ԱՊՀ վաստակավոր էներգետիկ–ճարտարագետ» բարձր կոչման։
Գրիշա Հայրապետյանը ճանաչված մանկավարժ Սուսաննա Բաբայանի հետ ստեղծել է գեղեցիկ ընտանիք, ունեցել են երեք որդի, ովքեր էլ մեր հանրության մեջ մեծ հեղինակություն են վայելում։
Ավագ որդին՝ Համլետ Հայրապետյանը, մեր հանրապետությունում՝ սրտաբանության ոլորտի ամենաճանաչված մասնագետներից է, բժշկական գիտությունների դոկտոր, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի սրտաբանական կենտրոնի և անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի ղեկավարը, ՀՀ գլխավոր սրտաբանը, ԵրՊԲՀ–ի սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր։
Առանց չափազանցության կարող ենք փաստել և սերունդների հիշողությանը հանձնել այսպիսի մի ճշմարտություն՝ Գրիշա (Յուրի) Լևոնի Հայրապետյանը մոտ կես դար արժանավայել տեղ է զբաղեցրել ոչ միայն Սյունիքի, այլև հայ նշանավոր էներգետիկների շարքում, ինչի համար էլ, համոզված ենք, նրա անունը մնայում կլինի Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի նորագույն շրջանի պատմության էջերում։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի․․․
«Սյունյաց երկիր»
Հ․Գ․
Գրիշա Հայրապետյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ փետրվարի 8-ին, ժամը 17։00-ից սկսած։
Հուղարկավորությունը՝ փետրվարի 9-ին նույն վայրից ժամը 12։00-ին։