Կեղծանունով մրցանակաբաշխություններն ավելի արդար են ընթանում. Ովքե՞ր դարձան այս տարվա մրցանակակիր գրողները

Հայաստանի Գրողների միության (ՀԳՄ) շենքի և այլ գույքի շուրջ դատական գործընթացը սկսվել է ՀՀ գլխավոր դատախազության՝ Կադաստրի կոմիտեի դեմ ներկայացրած հայցով: Դատախազությունը վիճարկում է Միությանը պատկանող գույքի, ներառյալ Երևանի շենքի և Ծաղկաձորի ու Սևանի ստեղծագործական տների սեփականաշնորհման իրավական հիմքերը։

Սակայն դատական գործերը չեն խանգարում, որ ՀԳՄ-ն բնականոն շարունակի իր գործունեությունը: Տեղի ունեցավ «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության և Գրողների միության հայտարարած մրցանակաբաշխությունը, որը կարևորել է ազգայինի շերտը ստեղծագործություններում:

Ամենաուշագրավն այս մրցույթում այն է, որ հեղինակները ներկայանում են կեղծանունով, ու այնպես է պատահում, որ անգամ հայտնի գրողներ կամ մրցանակ չեն ստանում կամ չեն հայտնվում առաջին, երկրորդ կամ երրորդ տեղում, այլ արժանանում են խրախուսական մրցանակի, ինչպես, օրինակ, ճանաչված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն այս տարվա մրցույթում («Պոեզիա»): Հանձնախումբը կազմված էր մեծ մասամբ գիտնական-գրականագետներից:

Գրողները հաճախ են նշում, որ եթե չլինեն կեղծանունով մրցույթները, գրականագետները կառաջնորդվեն ըստ անձնային հարաբերությունների: Այսպես, յուրաքանչյուր անվանակարգում 4 հեղինակ արժանացավ մրցանակի:

«Արձակ» անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Նորեկ Գասպարյանը, «Դրամատուրգիա» մրցանակին արժանացավ հեքիաթագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանը, որի նույն պիեսը միջազգային մրցույթում ևս արժանացել էր առաջին մրցանակի, «Պոեզիա» անվանակարգում՝ Վարդ Արծափեն, իսկ «Մանկագրությունը»՝ Ռոլանդ Շառոյանը:

Այս անգամ մրցանակակիրների մեջ կային նաև երիտասարդ կամ արդեն միջին սերունդ մուտք գործած գրողներ, այլապես գրողների միության այս վերջին շրջանում նկատելի էր, որ մրցանակակիրների 95 տոկոսը 70-ից բարձր գրողներ են: Օրինակ՝ «Արձակ»-ի 2-րդ տեղի մրցանակին արժանացավ վերջերս գրողների միության անդամ դարձած երիտասարդ արձակագիր Հասմիկ Կարապետյանը, մեկ այլ մրցանակի արժանացավ արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Հերմինե Ավագյանը:

Ցավալին այն է, որ մրցանակակիր գրողների մասին քիչ գիտեն ընթերցողները, կամ լրատվամիջոցները ուշ-ուշ են անդրադառնում, և գրողների միակ «ուրախությունը» մնում են իրենց ֆեյսբուքյան ընկերների շնորհավորանքները:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ Գրողների միությունում կայացած մրցանակաբաշխությունից.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment