Այն, ինչ այս պահին կատարվում է Գագիկ Ծառուկյանի տանը, շարունակությունն է հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյան-լրագրողներ հարցուպատասխանի։
Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն անուղղակի հաստատեց, որ հասնելու է Գագիկ Ծառուկյանի ունեզրկմանը։ Կկալանավորվի այս պահին վերջինս, թե՝ ոչ, դա հարցի երկրորդ կողմն է, իսկ ունեզրկման գործընթացը, որի մասին ազդարարվել էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, կարելի է համարել, որ մեկնարկեց այսօր։
Թեպետ Նիկոլ Փաշինյանն այդ ամենը ձևակերպում է «վերադարձ ժողովրդին», սակայն իրականում պրոցեսները հանգեցնելու են ոչ թե «վերադարձի», այլ սեփականության վերաբաշխման։ Աշխարհում գոյություն չունի որևէ ունեցվածքի «վերադարձ» ժողովրդին, եթե տեղի չի ունենում կառավարման համակարգի արմատական փոփոխություն, այսինքն, եթե չի վերացվում մասնավոր սեփականությունն ու ամեն ինչ չի դառնում պետական։ Այնպես, ինչպես տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, երբ իշխանության եկան բոլշևիկները։ Այդ ժամանակ իրոք հարաբերականորեն կարելի էր համարել, որ շատերի ունեցվածքը «վերադարձավ» բանվորագյուղացիական դասակարգին, ամեն ինչ դարձավ հանրային սեփականություն, իր ողջ տնտեսական անարդյունավետությամբ հանդերձ։
Բայց այսօր ակնհայտ է, որ «ժողովրդին վերադարձ»-ը ընդամենը տրանզիտային ձևակերպում է, որովհետև Հայաստանը չի պատրաստվում անցում կատարել բոլշևիկյան համակարգին ու պլանային տնտեսությանը։ Որևէ մեկի մասնավոր սեփականությունը նախ պետականացվելով «վերադարձվում է ժողովրդին», այնուհետև վաճառվում նոր գնորդին, այլ խոսքով ասած՝ եթե «Արարատ ցեմենտը» վերցնում են Գագիկ Ծառուկյանից, ապա կարճ ժամանակ անց դրա սեփականատերը դառնալու է մեկ այլ «Գագիկ Ծառուկյան», իսկ թե դրանից ինչ է ստանում այն շարքային քաղաքացին, ում անունը շահարկելով իրականացնում են սեփականության վերաբաշխում, ապա թերևս բացի «բարոյական հաղթանակից», ուրիշ ոչինչ։
Կարեն Կարապետյան