Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բնակիչները իրենց զայրույթն էին ուղղում մարզպետին, քաղաքապետին ու Վեդիի համայնքապետին՝ ասելով, թե ընտրությունների ժամանակ գալիս ու սարեր են խոստանում, սակայն 350-ից ավելի բնակիչ ունեցող թաղամասում ոչ մի տարրական պայմաններ չկան՝ ոչ կոյուղատարերն են գործում, ոչ խմելու ջուր ունենք, ոչ էլ խելքը գլխին ճանապարհներ։
Բնակիչների խոսքով՝ իրենց ավելի շատ մտահոգում է, թե ի վերջո գոնե օրը 8 ժամ խմելու ջուր կունենան, թե ոչ։ Նրանք նշում են, որ դիմում են «Վեոլիա»-ին՝ ասում են դա մեր խնդիրը չէ, դիմեք մարզպետարան, դիմում են մարզպետարան՝ ասում են դիմեք Վեդիի համայնքապետարան․ «Լրիվ անտեսված ենք այդ 3 կառույցների կողմից»։
Ֆոտոլրագրողի փոխանցմամբ՝ մեծահասակ տղամարդիկ ամեն օր 10 անգամից ավելի ավտոմեքենայով Արտաշատից կամ հարակից գյուղերից ջուր են բերում և բաժանում բնակիչներին։